2 April 2012

Որ մեր երկիրը իսկապես համապատասխանի մեր երգերին

Հոդվածը հրապարակվել է 2012 թ-ի մարտի 2-ին HayNews.am լրատվական կայքում
Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը մասնակցելու է Կոստա Ռիկայում կայանալիք «FIA Festival de las Artes» փառատոնին և Քիշնևում կայանալիք «Երիտասարդ ռեժիսորների» միջազգային փառատոնին: Բացի այդ` մարտի 3-ին կայանալու է «Մայրը» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերակատարը ևս Նարինե Գրիգորյանն է: Այս և այլ թեմաներով HayNews.am-ը զրուցեց դերասանուհու հետ:

Ինչպե՞ս եք ստացել Կոստա Ռիկայում կայանալիք փառատոնին մասնակցության հրավերը: 

Փառատոնի կազմակերպիչները ներկայացման տեսագրությունը դիտել էին «YouTube» կայքի միջոցով և մասնակցության հրավեր էին ուղարկել: Ունեինք նաև այլ առաջարկներ` այլ փառատոներից, բայց քանի որ այս փառատոնն իր վրա է վերցնում բոլոր ֆինանասական ծախսերը, այդ պատճառով էլ համաձայնեցինք մասնակցել հենց «FIA Festival de las Artes»-ին:
Ներկայացումը խաղալու ենք մարտի 23-ին: Բացի այդ` այն խաղալու ենք նաև փառատոնի փակմանը` մարտի 25-ին:

Իսկ Քիշնևի՞նը: 

Չեխովյան փառատոնից հատուկ հանձնաժողով էր եկել` դիտելու այստեղի ներկայացումները: Նրանք փառատոնում Հայաստանը ներկայացնելու համար ընտրեցին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որը Քիշնևում կխաղանք հունիսի 6-ին` «Երիտասարդ բեմադրիչների» միջազգային փառատոնի շրջանակներում: Փառատոնին մասնակցելու են ԱՊՀ երկրների և Մերձբալթյան երկրների թատերախմբերը:

Մարտի էլ պրեմիերա ունեք: 

Հիմա մի քանի աշխատանքի վրա ենք աշխատում. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ, որպես դիպլոմային աշխատանք, բեմադրում ենք Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» ստեղծագործությունը, որը խաղալու ենք մարտի 2-ին:
Մարտի 3-ին էլ ունեմ պրեմիերա Գոյի թատրոնում` «Մայրը» ներկայացումը, որի բեմադրությունը Սերժ Մելիք-Հովսեփյանինն է: Սա նոր էքսպերիմենտ է ինձ համար: Այն ներկայացնում է զուտ մոր հոգեվիճակը, երբ գալիս է մի պահ ու մայրը զգում է, որ երեխաները մեծացել են, էլ իրենը չեն, ամուսինը գնում է աշխատանքի, նա մտածում է` գուցե սիրուհու՞ մոտ է գնում, տղային խանդում է սիրած աղջկա հանդեպ, և սկսում է ինքն իրեն ուտել, չնայած նրան, որ իրեն շրջապատողները պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Կարծում եմ, Հայաստանում կա այդ խնդիրը, երբ մայրերը կառչում են երեխաներից, մենակ են իրենց զգում, իրենց կյանքը չեն ստեղծում` ամբողջությամբ նվիրվելով մայրությանը, ու արդյունքում կանգնում են դատարկության առաջ: Այդ հարցադրումն է, որը կա ներկայացման մեջ:
Նարիեն Գրիգորյանին կարելի է հանդիպել տարբեր բեմերում և տարբեր թատերախմբերի հետ: Ինչպիսի՞ դրական ու բացասական կողմեր ունի ազատ դերասանի կարգավիճակը: 

Իրականում ես Համազգային թատրոնի դերասանուհի եմ, բայց երևի շատ ազատ եմ, որովհետև, օրինակ, հիմա էլ Մալյանի անվան թատրոնում եմ փորձերի մասնակցում:
Անկեղծ ասած` հիմնականում առնչվել եմ դրական կողմերի հետ: Կարծում եմ, որ դերասանը պետք է բազմաշերտ լինի: Մանավանդ այսօր, դու պետք է շատ ավելի հետաքրքիր լինես, որպեսզի մարդիկ թողնեն հեռուստացույցը, թողնեն ամեն ինչ, ու գան քեզ նայելու: Ես դրա համար մնջախաղով էլ եմ հետաքրքրվում, տիկնիկավարությամբ էլ եմ հետաքրքրում, կարծում եմ, ամեն ինչով պետք է հետաքրքրվես, ամեն ինչով պետք է լցվես: Բացի այդ` նոր թատրոնը նոր կոլեկտիվ է, նոր խաղընկերներ են, նոր ռեժիսոր է և նոր բեմ: Ամեն բեմադրության համար, պետք է տարածքը ևս հասկանաս. կա բերմադրություն, որ ես որքան էլ ցանկանամ բեմադրել այն այստեղ` Համազգայինի բեմում, չեմ կարող: Օրինակ «Թռիչքըե կամերային ներկայացում է, որը եթե բեմադրվեր այստեղ` կկորչեր: Էլ չեմ ասում տեխնիկական հնարավորությունների մասին, որ ամեն մի թատերաբեմ չունի:
Մյուս կողմից` ես կարծում եմ, որ մենք թատերական ընտանիք ենք: Օրինակ, թատրոնի կառավարում ուսանելու համար գտնվում էի Բրոդվեում, և մեզ համար դասախոսություններ էին կարդում ու մեր հարցերին էին պատասխանում Բրոդվեի թատրոնների ղեկավարները: Երբ հարց տվեցինք, թե արդյո՞ք մրցակցություն չկա Բրոդվեի թատրոնների միջև, մեզ պատասխանեցին, որ ինչքան էլ մրցակցություն լինի, «Բրոդվե» անուն գոյություն ունի, և հանուն այդ անվան, բոլորը աշխատում են մեկի, և մեկն աշխատում է բոլորի համար: Այսինքն` եթե Բրոդվեի որևէ թատրոն վատ բեմադրություն է ներկայացնում, մյուս թատերախմբերը ամեն ինչ անում են, որ այն լավը դառնա:
Մեզ մոտ այլ է` մեզ մոտ ասում են, վայ չգնաս այսինչ թատրոն, այնտեղ վատն են խաղում: Ինչու՞, հակառակը, ես միշտ ասում եմ` գնացեք: Կարևորը թատրոն են գնում: Եվ ես կարծում եմ, որ մենք մեծ թատերական ընտանիք ենք, և պետք է հենց այդ գաղափարով էլ աշխատենք: Չէ՞ որ Հայաստանում շատ քիչ են թատրոնով զբաղվող մարդիկ, և մենք ենք, որ իրար համար պետք է հոգ տանենք, իրար թիկունք պետք է կանգնենք, որ թատրոնը թատրոն դառնա:

Դուք նաև խաղում եք իմպրովիզացիոն թատրոնում` Մնջախաղի պետական թատրոնում «Շրջանակից դուրս» ներկայացմամբ: Ինչպե՞ս է ընկալվում իմպրովիզացիան թատրոնում: 

Դա երևի ամենահամարձակ փորձն էր, որ ես երբևէ արել եմ: Ավելի ճիշտ` ես չէ, Յուրա Կոստանյանն (HayNews.am` «Շրջանակից դուրս» ներկայացման բեմադրիչն ու դերակատարները Յուրա Կոստանյանն ու Նարինե Գրիգորյանն են) առաջարկեց, որ նման ներկայացում անենք: Նրա համար կարևոր էր, որ դերասանը, ով խաղալու է, նաև ռեժիսոր լինի, քանի որ ռեժիսորը ընդհանուր է մտածում, պատասխանատու է նաև խաղընկերոջ համար: Երբ աշխատում էինք «Շրջանակից դուրս» ներկայացման վրա, սկզբում մտածում էի, որ հանդիսատեսի համար այն ընդհանրապես հետաքրքիր չի լինի, բայց քանի որ շատ եմ սիրում էքսպերիմենտներ և շատ եմ սիրում Յուրա Կոստանյանին, համաձայնեցի: Մնջախաղի արվեստի հետ ծանոթ էի, քանի որ սովորել եմ նաև Մնջախաղի ստուդիայում, ու մեծ հաճույքով ձեռնամուխ եղանք ներկայացման ստեղծմանը: Սկզբում շատ էի վախենում. ախր գիտե՞ս ինչ վատ է, որ մտնում ես բեմ և չգիտես, թե ի՞նչ ես անելու: Այդ պատճառով ես խնդրեցի Կոստանյանին, որ առաջինն ինքը բեմ մտի, հետո վարագույրի այն կողմից ես նայում եմ, ու տեսնում, թե նա ինչ իրավիճակ է խաղարկում, մտնում եմ բեմ, ու սկսվում է ներկայացումը:
Ներկայացման արձագանքներից կարող եմ ասել, որ այն շատ լավ է ընդունվել: Իմպրովիզացիան շատ կենդանի է պահում թատրոնը, մարդիկ չեն հասկանում, թե ինչի մասին է ներկայացումը, բայց զգացապես հասկանում են:
Ի՞նչ խնդիր է լուծում այսօր թատրոնը: 

Ես ասել եմ, որ թատրոնը դաստիարակման վայր չէ, ավելի ճիշտ` այն այլ կերպ է դաստիարակում: Չի կարելի բեմում կանգնել և քարոզ կարդալ, դու պետք է այդ զգացմունքը փոխանցես: Եթե սիրո մասին ես ուզում խոսել, այնքան սեր եղիր բեմում, որ հանդիսատեսը դուրս գա սիրով լցված, ոչ թե ասա` սիրե´ք իրար, սիրե´ք: Ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի, երբ ներկայացումը պետք է անպայման պատասխան տար, հիմա կարևորը ներկայացումում հարց տալն է, այսինքն` ոչ թե ասես, որ այս կինը սխալ է, որովհետև այսպես է արել, այլ ցույց տաս այդպիսի կնոջ, կողքից դիտարկես նրան ու հանդիսատեսին թողնես` սեփական եզրահանգմանն ու սեփական պատասխանին:

Ի՞նչ պետք է անի թատրոնը` հանդիսատես գրավելու համար: 

Իհարկե PR-ը շատ կարևոր է, ինչը մենք մեր օրինակի վրա հասկացանք: Երբ լավ PR-ով եք զբաղվում, տոմսարկղում մեծ հերթեր են գոյանում: Նույնիսկ լավ ներկայացումը այնքան լավ չի գործում, որքան լավ PR-ը: Միևնույն ժամանակ շատ վատ ներկայացումը կարող է մեծ թվով հանդիսատես գրավել, հենց լավ գովազդի հաշվին:

Շատերը գնում են թատրոն` պարզապես զվարճանալու համար: Ինչո՞վ է սա պայմանավորված: 

Օրինակ մեր տանն էլ մայրիկս սիրում է ուրախ ներկայացումներ, նա նույնիսկ անընդհատ ասում է` ինչի՞ լուսավոր գույներ չես վերցնում, ինչի՞ գունեղ ներկայացում չես անում… Չգիտեմ, թե ինչո՞վ է պայմանավորված.երևի նրանից է, որ մեր առօրյան ծանր է, և մարդիկ հենց լիցքաթափման տեղ են փնտրում: Մենք մի ուրիշ խնդիր էլ ունենք, շատ հաճախ լուրջ հարցերը շատ լուրջ ենք ներկայացնում` մոռանալով, որ երբ մարդ ուրախ տրամադրության մեջ է, ամեն ինչ շատ ավելի լավ է ընկալում: Դրա համար կարծում եմ, որ ցանկացած ներկայացում բեմադրելիս, պետք է այդ ֆակտորն օգտագործել: Կան ներկայացումներ, որ այնքան լուրջ թեմաներ են շոշափում, այնքան լուրջ է, որ մարդիկ ծանրացած են դուրս գալիս դահլիճից: Մինչդեռ կարծում եմ, որ այդ լրջությունը պետք է մտնի հանդիսատեսի մեջ հանկարծ, նա չպետք է զգա, որ ամբողջ ներկայացումը դրա մասին էր, նա պետք է հաճույք ստանա, բայց վերջում հարցը պետք է մնա իր մեջ:
Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ սիրում եք փորձեր անել: Հիմա ի՞նչ նոր բան եք փորձում: 

Իմ մյուս համարձակ էքսպիրեմենտը «Դոն Կիխոտում» Կիխոտի ձիու` Ռոսինանտի դեր խաղալն է լինելու: Ներկայացումում Ռոսինանտը Դոն Կիխոտի պարոդիան է անելու, և հանդիսատեսն այսօր նայելով այդ պարոդիան, տեսնելով` ոնց են ծաղրում Դոն Կիխոտին, երբ դուրս գա դահլիճից, զգալու է Դոն Կիխոտի պահանջը:
Ինչ վերաբերում է էսպերիմենտին. ճիշտն ասած ես այնքան ինձ չեմ տեսել այդ դերի մեջ, որ որոշեցի համաձայնել: Նաև համաձայնեցի Խաչիկ Չալիկյանի հետ աշխատել, քանի որ մենք միասին ֆիլմ ենք նկարահանել, և ևս հիանում եմ նրանով:

Նշում եք, որ բոլորը դերերը Ձեր մեջ կան, ու Դուք կաք այդ դերերի մեջ: Ինչպե՞ս եք կարողանում դրանք տեղավորել առօրյայում: 

Ինչու եմ դերասանությունը շատ-շատ սիրում, որովհետև հանելուկներ կան, որ ամեն անգամ բացահայտում ես, ու նորից հասկանում ես, թե որքան առեղծվածային մասնագիտություն է դերասանությունը: Օրինակ, որ ինձ ասում են մի հատ կհաչաս այնպես, ոնց որ հաճում էիր «Շան աղջիկը» ներկայացման մեջ, չեմ կարողանում, բայց երբ հայտնվում է այդ մթնոլորտը, ինքն իրեն ստացվում է: Օրինակ, երբ մտածում եմ, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես եմ խաղում «Մայրը» ներկայացման մեջ, թեկուզ լեզուն, ձայնը, բայց այդ ամենն ի հայտ է գալիս, երբ ստեղծվում է այդ միջավայրը:
Կան մարդիկ, ովքեր խնջույքներին, սեղանի շուրջ կարողանում են ինչ-որ պարոդիաներ անել, ասմունքել, ես այնքան անտաղանդ եմ այդ առումով: Երևի այն ամենը, ինչ ստացվում է, ստացվում է այդ հանելուկային տարածքում:

Այսքան զբաղվածության հետ` ժամանակը հերիքու՞մ է Ձեզ տրամադրելու համար: 

Այդ մեկը չի հերիքում: Բայց մի բան հիանալի հասկանում եմ, որ Աստված մարդուն ստեղծել է ազատ ընտրությամբ, և դու պետք է ընտրես, թե քեզ տրված տվյալ ժամանակում ինչ ես անում, որ հետո, իմանաս, որ դու ես քո տարիները հենց դրան նվիրել: Միշտ պետք է իմաստուն լինես, և տվյալ ժամանակաշրջանում ինքդ ճիշտ որոշես, թե ինչի վրա այն ծախսել: Դա շատ դժվար է իրականում, բայց ես փորձում եմ հասկանալով որոշումներ կայացնել:
Իհարկե անպայման հասունանում է կյանքի մյուս փուլը ևս, կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա. մի պահ պետք է ազատ տալ, հանգիստ տալ, որ նոր փուլ բացվի կյանքում:

Քանի որ միշտ ասում եք, որ լավատես եք, եկեք լավատեսական նոտայով ավարտենք զրույցը: 

Ես աշխատում եմ թատրոնում և ցանկանում եմ, որ թատրոնը շատ լավը լինի, իսկապես այնպիսին լինի, որ Հայաստանը հպարտանա իր թատրոնով: Իհարկե անժխտելի է, որ ինչպիսի վիճակում երկիրն է, այդ վիճակում էլ մշակույթն է, դրա համար ես շատ ուզում եմ, որ մեր պետությունը իսկապես լինի հզոր, որ մենք մեր ներուժը ծախսենք ոչ թե Թուրքիայի դրոշը վառելու, մեր երգերում անընդհատ մեր մեծ պետության մասին բարձրաձայնելու վրա, այլ իսկապես մեր ուժերը լարենք պետություն ստեղծելու համար: Մենք շատ ենք խոսում հայրենասիրությունից, բայց իրականում, այդ հայրենիքը ստեղծել է պետք, ես ուզում եմ, որ մենք ստեղծենք իսկապես լավ հայրենիք, որ մեր երկիրը իսկապես համապատասխանի մեր երգերին, որ իսկապես ոչ մի հայ չմտածի Հայրենիքը լքելու մասին:


Լիլիթ Բունիաթյան 

HayNews.am

Հ.Գ. – Նշենք, որ Ագորա թատերախմբի «Մայրը» ներկայացումը կարող եք դիտել մարտի 3-4-ին, 15-16-ին, ժ:19:00-ին, Գոյ թատրոնում (Գրիգոր Լուսավորիչ 6):


No comments:

Post a Comment