29 March 2012

Բնապահպան. քաղաքապետարանը սխալ ու սուբյեկտիվ որոշում է կայացրել

Հոդվածը հրապարակվել է 2012 թ-ի փետրվարի 24-ին HayNews.am լրատվական կայքում
«Մերուժան Տեր-Գուլանյանի  խոսքը ինձ համար հեղինակություն չի, նա արդեն վարկաբեկվում է` իբր մտավորական, ինչպե՞ս կարելի է նման հայտարարույամբ հանդես գալ»,- անդրադառնալով նախօրեին գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի արած հայտարարությանը, թե բնապահպան-ակտիվիստները հաղթել են, քանի որ Մաշտոցի պողոտային հարող այգում ընթացող շինարարությունը դադարեցվել է, HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց իրավաբան, այգու համար պայքարող ակտիվիստ Մերի Խաչատրյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն արդեն հերքել է Տեր-Գուլանյանի հայտարարությունը` ասելով, որ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում որևէ քննարկում չի կայացել և որևէ որոշում չի ընդունվել:

Ակտիվիստների համար անհասկանալի է Տեր-Գուլանյանի հայտարարության նպատակը. «Կա´մ ինքը դիտավորյալ է այդ անում, կա´մ ցանկանում է բնապահպան-ակտիվիստների աչքին բարձրանալ, կա´մ ուզում է ամեն անգամ իր մասին հիշեցնել, ես չգիտեմ, բայց արդյունքում վնասում է բնապահպանական շարժմանը»: Մերին նշեց նաև, որ Տեր-Գուլանյանի հայտարարությունը խառնաշփոթ է ստեղծել, և բնապահպան-ակտիվիստները երեկ ամբողջ գիշեր ստիպված արթուն են մնացել` իրար ճիշտ տեղեկատվություն փոխանցելու համար:

«Բնապահպանական շարժման մեջ խելոք մարդիկ են` իրավաբաններ, ճարտարապետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, հո՞ փողոցային երեխաներ չեն: Խորհուրդ կտամ Տեր-Գուլանյանին, որ առհասարակ բնապահպան-ակտիվիստների նախաձեռնություններին չմիջամտի և հանդես չգա որևէ հայտարարությամբ»,- ընդգծեց Մերին:

Մերի խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նախօրեին հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանում` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանի հետ` ստանալու ակտիվիստների հարցում-նամակի պատասխանը, որում ևս ասվում է, որ քաղաքապետարանն իր մոտեցումը չի փոխում:

«Պատասխանն իհարկե մեզ չի գոհացրել, մենք պատասխան հայտարարությամբ հանդես կգանք, որը կտարածենք նաև լրատվամիջոցներով: Մենք ձեռնունայն չենք մնում, միջոցառումները շարունակում ենք այգու տարածքում, և բացի այդ պաշտոնական գրություններ ենք հղելու պետական լիազոր մարմիններին: Տեսադաշտում ունենք 3 լիազոր մարմիններ, որ ցանկանում ենք դիմել` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը, քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունները, Երևանի քաղաքապետին ևս նամակ-առաջարկով դիմելու ենք», - ընդգծեց Մերին:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաև Հանրային խորհրդում նախօրեին կայացած քննարկմանը. «Նարեկ Սարգսյանը ցայտնոտի մեջ էր, չգիտեր նույնիսկ ինչ էր խոսում: Ա՞խր եթե իրենք մեզ տետատետ կանչեն քննարկման, ես Նարեկ Սարգսյանին կասեմ, թե դուք այդ ինչպե՞ս եք Աբովյան փողոցի հանրային տարածքում սեփականության իրավունք շնորհել, հետո ասում եք, թե սեփականատերերին չենք կարողացել փոխհատուցել: Մյուս կողմից հայտարարում եք, թե Մաշտոցի այգում կառուցվողը միայն ու միայն քաղաքապետարանի սեփականությունն է: Դե ուրեմն, շատ լավ, Նարեկ Սարգսյան, վերցրու´ քո կրպակներն այդտեղից, տա´ր»:

Այն, որ քաղաքապետարանը պնդում է, թե Մաշտոցի այգում կառուցվող կրպակները պատկանում են քաղաքապետարանին, ըստ Մերիի, արվում է իրական սեփականատերերին թաքցնելու նպատակով. «Քաղաքապետարանը փրկում է Աբովյան փողոցի սեփականատերերին` նշելով, որ ինքն է կառուցվող կրպակների սեփականատերը, ուրեմն թող Երևանի քաղաքապետարանն էլ պատասխան տա»,- շեշտեց իրավաբան Մերին ու ամփոփեց. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Երևանի քաղաքապետարանը սխալ ու սուբյեկտիվ որոշում է կայացրել»:


Լիլիթ Բունիաթյան


No comments:

Post a Comment