22 March 2012

Ինչու՞ հայերը ոտք չեն դնում Թբիլիսիի Ս. Երրորդություն եկեղեցի

Հոդվածը հրապարակվել է 2011 թ-ի դեկտեմբերի 13-ին HayNews.am լրատվական կայքում
Չնայած Թբիլիսիի Հավլաբար թաղամասը օտարերկրացու համար ոչնչով չի բնորոշի դրա հայկական լինելը, սակայն այստեղ մի տեսակ հարազատություն ես զգում: Գուցե դա պայմանավորված է հենց այն գիտակցությամբ, որ սա հայկական թաղամաս է, որ այստեղ դարեր շարունակ ապրել, ստեղծագործել ու արարել են Թբիլիսիում ազդեցություն, հռչակ ու ճանաչում վայելող հայերը, այստեղի բնակիչներն են վրացական մայրաքաղաքի հասարակական ու մշակութային կյանքի թելադրողները եղել, այս թաղամասն է իր մեջ ամփոփում հայ գրականության ու արվեստի մեծանուն դեմքերին…

Ինչևէ, օտարի համար այս թաղամասն առաջին հերթին բնորոշվում է Վրաց առաջնորդանիստ Ս. Երրորդություն եկեղեցով, որը տեսանելի է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ցանկացած անկյունից: Այս եկեղեցին` իր հզոր տեսքով ու վեհաշուքությամբ, իր տեղակայված վայրով, ասես իշխող դեր ունենա քաղաքի մյուս բոլոր կառուցների նկատմամբ, և հենց դրանով էլ պայմանավորված` գրավիչ է ցանկացած այցելուի համար:

Երբ հասանք Հավլաբար, մեզ հանդիպած առաջին մարդիկ երեք ծերունիներ էին, որ խոսում էին հարազատ հայերենով: Մոտեցանք, ողջունեցինք, խնդրեցինք թվարկել այն վայրերը, որոնք արժանի են այցելության: Ապա հարցրեցինք նաև, թե ինչպես կարող ենք հասնել Ս. Երրորդություն եկեղեցի: Ծերունիները պատասխանեցին` միևնույն ժամանակ ընդգծելով, որ տեղի հայերը ոտք չեն դնում այդ եկեղեցի, որովհետև այն կառուցվել է հայկական գերեզմանատան վայրում:

«Մենք մեր աչքով ենք տեսել, թե ինչպես են դագաղները հանում, ինչպես են մարդկանց ոսկորները տեղափոխում… մենք երբեք ոտք չենք դնի մի վայր, որը կառուցվել է մեր նախնիների հիշատակը պղծելու արդյունքում»,- միաբերան բացատրեցին ծերունիները:

Եկեղեցու տարածքում, անշուշտ, այժմ ոչինչ չկա, որ կարող է վկայել, թե այստեղ գերեզմանատուն է եղել: Փոքր-ինչ հեռու միայն պահպանվել է Խոջիվանքի հարևանությամբ գտնվող հայ գրողների պանթեոնը: Սակայն այս վայրն էլ այնպես է առանձնացված, որ նախ չիմացողը չի նկատի, ու, առավել ևս, երբեք էլ չի գուշակի, որ սա եկեղեցու տեղում գտնվող հսկայական գերեզմանատան շարունակությունն է եղել` մի փոքր հատվածը:

Այս մասին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հայտնեց, որ չի կարելի ընդհանուրի մասին ասել, թե չեն այցելում եկեղեցի, որովհետև շատերն այցելում են:

«Հատկապես հայաստանցիները, երբ գալիս են Թբիլիսի, անպայման այցելում են: Դրան է նպաստում նաև այն, որ եկեղեցին հսկա է, քաղաքի բոլոր անկյուններից տեսանելի է, հատկապես գիշերային ժամերին, երբ ամբողջովին լույսերի մեջ է: Հետաքրքրությունից, և ոչ միայն հետաքրքրությունից դրդված շատերը գնում են, մոմ էլ են վառում, երբեմն արարողությունների էլ են մասնակցում»,- մանրամասնեց Տեր հայրն ու հավելեց. «Ճիշտ է, կան այստեղ մի խումբ հայեր, ովքեր կտրականապես մերժում են և ոտք էլ անգամ չեն դրել` ասելով, որ այդտեղ եղել է մեր գերեզմանատունը»:

Ի պատասխան այն հարցին, թե շինարարությունը սկսելու ժամանակ որևէ կերպ փորձ արվե՞լ է խոչնդոտել կառուցմանը, որպեսզի գերեզմանատունը պահպանվի, քահանան նշեց, որ հիմնականում այդ մասին խոսել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն վրացիների որոշումը, անդրդվելի է եղել: Տեր Մանուկ քահանային հուսադրում է միայն այն, որ գերեզմանատան տեղում հենց եկեղեցի է կառուցվել, այլ ոչ թե ռեստորան կամ հյուրանոցային համալիր:

Նշենք նաև, որ Տեր Հայրը ևս փաստեց, որ շարունակվում է պահպանվել է հայկական Խոջիվանքի հարևանությամբ գնտվող գերեզմանատունը` հայ գրողների պանթեոնը որտեղ թաղված են Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Գաբրիել Սունդուկյանը, Ծերենցը, Նար-Դոսը, Ջիվանին և այլոք:

Հ.Գ. – Հիշեցնենք, որ այս տարի հունիսին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Վրաստան կատարած այցի ժամանակ հենց Ս. Երրորդություն եկեղեցում է ընդունվել Վրաց Իլյա Բ պատրիարքի կողմից, որտեղ տեղի ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը:


Լիլիթ Բունիաթյան

No comments:

Post a Comment