24 December 2012

Բարև սիրելի Ձմեռ Պապ


Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ քեզ նամակ գրում: Երբ մենք մանուկ էինք, Քեզ նամակ գրելու մշակույթը դեռ չէր ձևավորվել: Այն ժամանակներում մեր մտքով նույնիսկ չէր անցնում, որ Քո անունից բարձերիս տակ հայտնվածը նույնն է, ինչ կա ամանորյա սեղանին:
Նախքան քեզ գրելս, մտածում էի, որ անձնական նվերներ կուզեի. հիմա դասակարգում եմ. լուսանկարչական ապարա՞տ, չէ, մի քանի ամսից կունենամ, նոր զգե՞ստ, չէ, գնում եմ գնելու…

Չնեղանաս, այնպես չէ, որ քեզանից նվեր ստանալու ակնկալիք չունեմ, բայց հիմա, երբ գրում եմ, մտածում եմ սահմանին կանգնած զինվորի մասին. ուզում եմ, որ նա տաք ոտնամաններում ամանորը դիմավորի, ուզում եմ, որ իմ անհոգությամբ հրճվի նոր տարին ավետող հրավառությամբ: Մտածում եմ ծնողներիս մասին. ուզում եմ, որ միշտ առողջ կողքիս լինեն, մտածում եմ այն մանկան մասին, ով հավատում է Քեզ. ուզում եմ, որ նրան տանես իր սրտի ուզածը…

Հիմա է, թերևս, որ մտածում եմ, ախր ուզածս ունենալու համար ամեն հնարավորը տվել ես, նույնիսկ Քեզ հավատալու ունակությունը: Ուրեմն, ինչպես ամանորյա իր նվերի մասին միայն մտածող երեխա, ուզում եմ, որ խաղաղություն բերես...

Մեր մասին չանհանգստանաս. ես կունենամ, թե լուսանակարչական ապարատ ու թե նոր զգեստ, զինվորը տաք վառարանի կողքին նստած,  ծնողներս առողջ կլինեն, իսկ այն պստիկը միշտ իր ուզածը կստանա…

Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի. այնպես արա, որ Վահեն գալիք տարում ամուսնանա, իսկ Տիգրանս էլ Կիևի նախագծին մասնակցի  :)

20 December 2012

Կտավ

Դարպասը հազիվ բացեցինք. խոտը բարձրացել էր։ Չնայած դրան տունը մեզ էր սպասում. մուտքին ցողե գորգ էր փռել։ Խնամքով սարքած ամառանոցն էլ միանգամից ընդունեց տանտիրոջ ջերմությամբ, որ հանկարծ նրա բացակայությունը չզգանք։
Ճռճռացող հատակն ու առաստաղից կախված սարանդոստիկները միայն լուռ պատմեցին այն ցավը, որը տունը զգում է վարպետի հեռանալուց հետո։ Այս պատերից ներս Խաչիկ Ղարաբեկյանի արվեստի վկան հենց տան պատերն էին։ Վաղեմի արվեստանոցի բազմերանգ կտավներից և ոչ մեկը տեղում չէր։ Փոշու մեջ կորած մոլբերտն ու ներկապնակը գույների, նոր դիմանկարների ու բնապատկերների կարիք ունեին։ Երկար նայեցին մեզ ու հաստատ տեսան այնպես, ինչպես վարպետը կնստեցներ ու կանմահացներ։
Ոչինչ էլ պետք չէ իմանալ Ղարաբեկյանի ու նրա ստեղծածի մասին․ բավական է բացել նրա պատշգամբի դուռն ու դուրս նայել։ Նկարչի ոգեշնչման աղբյուրը կբռնի ձեռքդ, կպտտի Ահնիձորում, կտանի իր աշխարհները, հատիկ-հատիկ կպատմի հերոսների ու հույզերի մասին։ Կլսես նրա թավ ձայնը, հոգու խաղաղության մեջ կլողաս ու այս անառիկ տունն ու բնությունն առհավետ կսիրես։

Հետո, երբ նորից կմոլորվես քաղաքի աղմուկներում, մի մաքուր առավոտ կգա ետևիցդ, արդեն սիրտդ քննած իմաստունի պես աչքերիդ կնայի, ու միայն իրեն հատուկ տաղանդով կփոխանցի ապրած գույները, ներդաշնակությունն ու քիմքդ լայն կբացվի, որ ներս անես իր հետ բերած խոնավ օդը…

18 December 2012

...

Ոսկեգանգուռ մազեր ուներ, նուրբ դիմագծեր, որոնք անհավաք մտքերի պես խառն էին: Չգիտեմ, երգում էր, թե ընդդիմանում, բայց պատարագիչի խոսքի հետ համահունչ ձայներ կամ գուցե միայն իր համար հասկանալի բառեր էր ասում: Ընդհանուր լռության մեջ տարածվող ձայնարկություններից մարդկանց հայացքները կոտրելու համար էլ թերևս, մայրը փաղքշական սաստելով, լռեցնում էր:

Նրան եկեղեցում ճանաչում էին. մոմ վաճառող կինը նույնիսկ մոտեցավ, մոր մատների մեջ զոռով թղթադրամ խցկեց, աղջկա գլուխն էլ շոյեց, ասես հարցներ` ո՞նց ես, բայց առանց պատասխանի ակնկալիքի:

Հիրավի խորհրդավոր է Պատարագը... Դեպի երկինք բարձրացող շարականներն էլ, չգրված օրենքի նման, ամեն կիրակի եկեղեցում հավաքվում են մեկին` առանց մկրտության, մեկին` թերահավատ, մեկին` ապաշխարող, որ ի կատար ածեն Պատարագի խորհուրդը: Ով ասես, ինչ նպատակով ասես, որ եկեղեցու դուռը չի բանա: Այն երկու կանայք այդպես էլ դեպի բեմ իրենց հայացքները չուղղեցին, մի անգամ դեմքներին խաչ չարեցին... Գուցե եկել էին, որ իրենցից «պակաս»-ին տեսնեին` սրտերը հովացնեին, այլապես ինչու՞ էին ոչինչ չարտահայտող հայացքը հառել ոսկեգանգուռ աղջկան:

Իսկ աղոթքի ու խնկի քաղի տակ մարդիկ գույններ են ստանում. մեկի դեմքը խոժոռվում է, մեկինը լուսավորվում, մեկը հայացքը գետնից չի կտրում, մյուսն էլ լուռ մաքրում է արցունքները: Երկու կանայք անգույն մնացին, մինչդեռ փոքրիկ ոսկեգանգուռը լույսի մեջ էր միշտ...

...Աստված իմ, թող նրա ուժեղ մայրը այդ լույսը միշտ տեսնի...



14 December 2012

Շրիլանկացին հնդիկ չի

Ծով, դեղին ավազ ու պալմա. այն ամենը ինչ անհրաժեշտ է լիարժեք լիցքաթավելու ու հանգստանալու համար: Հենց այս հանգիստով էր, որ նախընտրեցինք դիմավորել 2012 թվականը:
Նախքան Շրի Լանկա հասնելներս, արդեն բավականին տեղեկացված էինք. Լուսինեն ու Ոսկանը ոգևորել էին ոչ միայն աննկարագրելի ու հիանալի բնությամբ, այլև զգուշացրել կենցաղային բոլոր անհարմարությունների մասին, որոնք օտար են մեզ: Շրի Լանկա ոտք դնելու օրվանից սկսած էլ 15 օր շարունակ հիշեցնում էին, որ շրիլանկացին հնդիկ չի, ինչպես ասենք` վրացին էլ հայ չի:
Միանշանակ է, որ եթե հետաքրքրված չես ցեյլոնի հայրենիքի յուրահատկություններով, ոտք չես դնի մի երկիր, որտեղ կոյուղին անցնում է մայթով, մի երկիր, որը քաղաքակրթության նորմերից հեռու է այնքան, որքան մարդկային ջերմ հարաբերություններին  մոտ է Եվրոպան: Փոխարենը Շրի Լանկան արևոտ ու կանաչ մի դրախտավայր է: Բնության անառիկությունն ու մարդկանց` բնությանն այդքան մոտ լինելն է, որ գրավում է, պահում ու հիացնում: Սա այն վայրերից է, որտեղ մարդիկ ժպտում են ոչ թե նրա համար, որ դա էթիկայի նորմերից է բխում, այլ նրա համար, որովհետև իսկապես ուրախ են քեզ տեսնել իրենց երկրում: Սա այն վայրերից է, որտեղ խաղաղությունը միայն օդում չէ, այլև մարդկանց սրտերում, որոնք ունակ են ապրել կողք-կողքի ու համերաշխ` անկախ մաշկի գույնից, ազգային ու կրոնական պատկանելիությունից:
Ցավում եմ, որ հենց Շրի Լանկայում լինելուս ժամանակ գրառումներ չեմ արել, բայց որքան էլ ժամանակն անցնի` վառ գույներով կշարունակեմ տեսնել ոչ միայն դեղին ավազն ու Հնդկական օվկիանոսը, այլև սև-սև մաշկ ունեցող շրիլանկացիներին, տուկ-տուկ տաքսիներին, ազգային տարազով կանանց` նստած հեծանվի կամ մոտոցիկլի ղեկին, դեղին կոկոսին ու կարմիր բանանին, ամենաքաղցր անանասին, մանգոյին ու թթու «պեյշն ֆռութ»-ին, ու ոչ մի դեպքում քիթս չի մոռանա ձկների շուկայի, մեծ սալիկերով ու փոքր անցքերով փակված կոյուղու ու վառած դարչնի  հոտը:

1 December 2012

Արժեք` առանց շրջանակ


Զգացմունքների ու ապրումների մի հարուստ ներկապնակ են մատուցում դերասան-ռեժիսորներ Յուրի Կոստանյանն ու Նարինե Գրիգորյանը «Շրջանակից դուրս» ներկայացմամբ: Այս երկու տաղանդաշատ անձնավորությունները կարողանում են դուրս գալ բեմադրության շրջանակներից և փոխանցել սեր ու ատելություն, նվիրվածություն ու դավաճանություն, իշխանություն ու ստրկություն, փառք ու լքվածություն, մանկություն ու ծերություն:
Իմպրովիզացիայի ժանրում բեմադրված այս ներկայացումն ամեն անգամ նորանում է` թե' սյուժեի և թե' ապրումների առումով: Այն զգացմունքների հեղեղ է, որը գույնզգույն աշխարհներ է տեղափոխում, զգուշությամբ ներթափանցում է ներսդ, կատարսիսի հասցնում, ու դեռ երկար ժամանակ պահում զգացմունքների ազդեցության տակ:
Մարդկային պարզ հարաբերությունների միջոցով դերասանները կարողանում են հասնել մարդկային հարաբերությունների խորքերը ու հենց այդ խորքերից խոսել հանդիսատեսի հետ, կարողանում են ներկայացնել գեղեցիկն ու արատավորը` առանց գնահատականներ տալու, օգնում, որ դու էլ յուրաքանչյուր իրավիճակ դիտես ու դատես` ինչպես ընդունված շրջանակններում, այնպես էլ դրանցից դուրս:
Մի խոսքով` «Շրջանակից դուրս» ներկայացումն արվեստի այն գործերից է, որոնց հետ առնչվելուց լուսավորվում ես, մաքրվում, և հենց դրանով էլ պայմանավորում ներկայացման բարձր արժեքը: