Ծով, դեղին ավազ ու պալմա. այն ամենը ինչ անհրաժեշտ է լիարժեք լիցքաթավելու ու հանգստանալու համար: Հենց այս հանգիստով էր, որ նախընտրեցինք դիմավորել 2012 թվականը:
Նախքան Շրի Լանկա հասնելներս, արդեն բավականին տեղեկացված էինք. Լուսինեն ու Ոսկանը ոգևորել էին ոչ միայն աննկարագրելի ու հիանալի բնությամբ, այլև զգուշացրել կենցաղային բոլոր անհարմարությունների մասին, որոնք օտար են մեզ: Շրի Լանկա ոտք դնելու օրվանից սկսած էլ 15 օր շարունակ հիշեցնում էին, որ շրիլանկացին հնդիկ չի, ինչպես ասենք` վրացին էլ հայ չի:
Միանշանակ է, որ եթե հետաքրքրված չես ցեյլոնի հայրենիքի յուրահատկություններով, ոտք չես դնի մի երկիր, որտեղ կոյուղին անցնում է մայթով, մի երկիր, որը քաղաքակրթության նորմերից հեռու է այնքան, որքան մարդկային ջերմ հարաբերություններին
մոտ է
Եվրոպան: Փոխարենը Շրի Լանկան արևոտ ու կանաչ մի դրախտավայր է: Բնության անառիկությունն ու մարդկանց` բնությանն այդքան մոտ լինելն է, որ գրավում է, պահում ու հիացնում: Սա այն վայրերից է, որտեղ մարդիկ ժպտում են ոչ թե նրա համար, որ դա էթիկայի նորմերից է բխում, այլ նրա համար, որովհետև իսկապես ուրախ են քեզ տեսնել իրենց երկրում: Սա այն վայրերից է, որտեղ խաղաղությունը միայն օդում չէ, այլև մարդկանց սրտերում, որոնք ունակ են ապրել կողք-կողքի ու համերաշխ` անկախ մաշկի գույնից, ազգային ու կրոնական պատկանելիությունից:
Ցավում եմ, որ հենց Շրի Լանկայում լինելուս ժամանակ գրառումներ չեմ արել, բայց որքան էլ ժամանակն անցնի` վառ գույներով կշարունակեմ տեսնել ոչ միայն դեղին ավազն ու Հնդկական օվկիանոսը, այլև սև-սև մաշկ ունեցող շրիլանկացիներին, տուկ-տուկ տաքսիներին, ազգային տարազով կանանց` նստած հեծանվի կամ մոտոցիկլի ղեկին, դեղին կոկոսին ու կարմիր բանանին, ամենաքաղցր անանասին, մանգոյին ու թթու «պեյշն ֆռութ»-ին, ու ոչ մի դեպքում քիթս չի մոռանա ձկների շուկայի, մեծ սալիկերով ու փոքր անցքերով փակված կոյուղու ու վառած դարչնի հոտը:
No comments:
Post a Comment