Դարպասը հազիվ բացեցինք. խոտը բարձրացել էր։ Չնայած դրան տունը մեզ էր
սպասում. մուտքին ցողե գորգ էր փռել։ Խնամքով սարքած ամառանոցն էլ
միանգամից ընդունեց տանտիրոջ ջերմությամբ, որ հանկարծ նրա բացակայությունը
չզգանք։
Ճռճռացող հատակն ու առաստաղից կախված սարանդոստիկները միայն լուռ պատմեցին
այն ցավը, որը տունը զգում է վարպետի հեռանալուց հետո։ Այս պատերից ներս
Խաչիկ Ղարաբեկյանի արվեստի վկան հենց տան պատերն էին։ Վաղեմի արվեստանոցի բազմերանգ
կտավներից և ոչ մեկը տեղում չէր։ Փոշու մեջ կորած մոլբերտն ու ներկապնակը գույների,
նոր դիմանկարների ու բնապատկերների կարիք ունեին։ Երկար նայեցին մեզ ու
հաստատ տեսան այնպես, ինչպես վարպետը կնստեցներ ու կանմահացներ։
Ոչինչ էլ պետք չէ իմանալ Ղարաբեկյանի ու նրա ստեղծածի մասին․ բավական է բացել նրա պատշգամբի դուռն ու
դուրս նայել։ Նկարչի ոգեշնչման աղբյուրը կբռնի ձեռքդ, կպտտի Ահնիձորում,
կտանի իր աշխարհները, հատիկ-հատիկ կպատմի հերոսների ու
հույզերի մասին։ Կլսես նրա թավ ձայնը, հոգու խաղաղության մեջ կլողաս ու այս
անառիկ տունն ու բնությունն առհավետ կսիրես։
Հետո, երբ նորից կմոլորվես քաղաքի աղմուկներում, մի մաքուր առավոտ կգա
ետևիցդ, արդեն սիրտդ քննած իմաստունի պես աչքերիդ կնայի, ու միայն իրեն
հատուկ տաղանդով կփոխանցի ապրած գույները, ներդաշնակությունն ու քիմքդ
լայն կբացվի, որ ներս անես իր հետ բերած խոնավ օդը…
No comments:
Post a Comment