Լուսանկարը` Ֆոտոլուրի |
Այս փոփոխությունը շատ լավ եմ հիշում, քանի որ հենց 2003 թ–ին առաջին կուրսի ուսանող էի, ու փոփոխությունը զգալի ազդել էր նաև ծնողներիս՝ ուսանող պահելու համեստ հաշվարկների վրա։ Շատ լավ եմ հիշում նաև, որ թանկացումից հետո, իսկապես գրեթե մեկ ամիս բոլորը նստած էին երթևեկում՝ ստիպողաբար, քանի որ ճանապարհային ոստիկանների կողմից տուգանվում էին բոլոր այն վարորդները, ովքեր «հանդգնել» էին կանգնած ուղևոր վերցնել։ Սակայն մեկ ամիս անց կանգառներում մարդկանց կուտակումները հետզհետե սկսեցին նվազել՝ կանգնած երթևեկողների հաշվին, իսկ միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն այդպես էլ ամբողջությամբ չնորացվեցին։
Պատմությունը կրկնվում է նույն տրամաբանությամբ, ուրախալի է միայն, որ ի տարբերություն նախորդի, այսօր բողոքողներ կան։ Ու որքան էլ թանկացումն արդարեցնողները փորձեն բողոքը միայն սոցիալական հարթությունում դիտարկել, միանշանակ է, որ սա իշխանությունների՝ «դրական փոփոխություններ»–ին միտված հերթական խոստման դեմ պայքար է, քանի որ վերջին առնվազն տաս տարիներն ապացուցել են, որ պայմանների նմանօրինակ ոչ մի փոփոխություն իրավիճակը չի փոխում, առավել ևս՝ ոչ մի թանկացում չի լինում «ի օգուտ ժողովրդի»։
Այսօր տրանսպորտի թանկացման դեմ բողոքող յուրաքանչյուր ոք վստահ է, որ թանկացումը հանգեցնելու է միայն սեփական ծախսերի ավելացմանը, վստահ է, որ դրանից ո՛չ վարորդի գրպանի պարունակությունն է ավելանալու, ո՛չ տրանսպորտային միջոցներն են բարելավվելու, և ո՛չ առավել ևս երթևեկության ծանրաբեռնվածությունն է թեթևանալու։ Նրանցից յուրաքանչյուրը հարմարված լինելով հանդերձ կիսակռացած, ոչ սարքին միկորավտոբուսներով ու ոչ հիգենիկ պայմաններում երթևեկելուն, վերջնականապես հոգնել է հլու–հնազանդ տանել հերթական անհիմն ու անտեղին թանկացումը, հոգնել է ստորացված լինելուց ու համատարած անարդարության մթնոլորտում օրեր մաշելուց, հոգնել է անձայն բողոքելուց։
Սակայն ի տարբերություն քաղաքացիական հասարակության գիտակցության ու կազմակերպվածության բարձրացման, քաղաքային ու պետական իշխանությունների քայլերում այս ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չկա։ Իշխանությունները շարունակում են չհիմնավորված պարզաբանումներով ավելացնել սեփական քաղաքացիների սոցիալական բեռը, շարունակում են հաշվի չնստել իրենց ընտրողների հետ, դեռ մի բան էլ ավելի՝ հայհոյում են ու ոստիկանության ներկայացուցիչների բիրտ ու անօրեն ուժի կիրառմամբ ավելացնում են պայքարողների թե՛ եռանդը, թե՛ ներուժը և թե՛ պայքարի արդյունքում արդարություն գրանցելու նկատմամբ ունեցած անկեղծ հավատը։ Ցավալի է, որ իշխանությունները չեն գիտակցում, որ իրենց բարեկեցիկ կյանքի գրավականը բարեկեցիկ ապրող քաղաքացու ձեռքում է, չեն գիտակցում, որ անցել են բռնության ժամանակները, որ ամեն կողմից անկյունում նետված մարդը կարող է շատ ավելի հեռու ցատկել ու, որ սեփական իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրի բնական պահանջն է։
No comments:
Post a Comment