13 October 2010

Բրիստոլը ռոմանսներ է երգում

Բրիստոլի կենտրոնական փողոցներում աշխատանքային ժամերին կարելի է հանդիպել ամենատարբեր ոճի երգիչների ու երաժիշտների, որոնք երգում ու նվագում են իրենց ոճի ամենաճանաչված ու ամենասիրված երգերը: Ասում եմ աշխատանքային ժամերին, որովհետև երեկոյան` մութն ընկնելուն պես, փողոցները դատարկվում են ու կարելի է հանդիպել միայն տուն շտապողներին:

Լսելով Բրիստոլի փողոցային կատարողներին, չես կարող ասել, թե նրանք անտուններ են կամ անգործունյաներ, ովքեր գտել են գումար աշխատելու հեշտ եղանակ: Հակառակը` փողոցում հայտնված այս երաժիշտներն իրենց «աշխատանքը» արհեստավարժ կերպով են կատարում` ցանկանալով տարբերվել մեկը մյուսից, ցանկանալով ավելի մեծ թվով հանդիսատես գրավել:

Նախօրեին, օրինակ, հանդիպեցի դերասանների մի ողջ կազմի: Մեկը դաշնամուր էր նվագում անցնելով փողոցեփողոց, որոշները պարում էին մեղեդու ներքո, մյուսներն էլ կոչ էին անում միանալ իրենց` ունկնդրել լավ երաժշտություն, և ինչու չէ` վճարել գեղագիտական հաճույք ստանալու դիմաց:



Մեկ ուրիշ երաժիշտ էլ իր «համերգը» կազմակերպել էր քաղաքի առևտրային կենտրոնները հատող փողոցների փոքրիկ հրապարակում: Հրապարակի մեջտեղում տեղադրել էր միկրոֆոնն ու բարձրախոսը, ու նույնիսկ շնորհակալություն էր հայտնում` խոնարհվելով ծափահարությունների համար:

Հենց այսպիսին է Բրիստոլը, որը չի թողնում, որ քեզ մենակ զգաս, որը չի թողնում, որ ձանձրանաս պատմական փողոցներում, որը քեզ` ժպտալ ստիպելու համար, ռոմանսներ է երգում:

No comments:

Post a Comment