19 October 2010

Զայրացրե՞լ է երթուղայինի վարորդը … Զանգահարի’ր

Եթե ձեզ դուր չի եկել, թե ինչպես է վարում երթուղայինի վարորդը, ինչպես է վազանցումներ կատարում` գերազանցելով արագությունը, կամ կտրուկ արգելակում, եթե կոպիտ է պատասխանել ձեզ, երբ ճանապարհ եք հարցրել, եթե ծխել է վարելու ժամանակ կամ հայհոյել ամվտոմեքենաների կամ մյուս երթուղայինների վարորդներին, եթե բարձր ու անճաշակ երաժշտություն է միացրել, ապա դուք կարող եք ամեն ինչ շտկել, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով:

Իհարկե, ցավով պետք է զգուշացնեմ, որ սույն համարը և սույն ծառայությունը գործում է միայն Անգլիայում: Մասնավորապես «Ազգային ճեպընթաց» («National Express») երթուղային ծառայությունը, որը հիմնական երթուղիներ սպասարկող ընկերությունն է, իր մեքենաների պատուհաններին փակցնում է ծանուցում, որով հնարավորություն է տալիս ուղևորներին կիսվել տպավորություններով:

Ինչպես հասկացա գրվածից (հարցական նշանը հուշեց)` ուղևորը կարող է նաև գովեստ հայտնել: Չնայած կա կարծիք, թե սովորաբար մարդիկ բարձրաձայնում են, երբ նրանց որևէ բան դուր չի գալիս, իսկ գովեստներում ժլատ են ու քչախոս: Չգիտեմ, թե անգլիացիներն ինչպիսին են, բայց կարծում եմ, որ գովեստներ ասողներ ևս կգտնվեն:

Ինչևէ, հարցը նրանում է, որ երբեք ու երբեք երթուղայինի վարորդը չի կարող գործել այն, ինչ վերը թվարկեցի, քանի որ դուք հեշտությամբ կարող եք վերցնել հեռախոսն ու մի զանգի օգնությամբ նրան աշխատանքից ազատել: Ավելին, նա ամեն ինչ կանի, որ,  եթե ժլատ չգտնվեք, ապա նշված համարը հավաքելուց հետո, անպայման գովեստներ հնչեցնեք:

Մեզ հանդիպած վարորդը ոչ միայն օգնեց` մեր ճամպրուկները տեղավորել բեռնախցում, ապա այնտեղից դուրս բերել, այլև հուշեց, թե ինչպես կարող ենք հասնել հյուրանոց:

Հ.Գ. – Մոռացա նշել, որ Լոնդոնից մինչև Բրիստոլ մենք վայելում էինք աշխարհահռչակ կատարողներին ու նրանց ջազ, բլյուզ և դասական ստեղծագործությունները:

No comments:

Post a Comment