18 October 2010

Իմ առաջին այցը գազանանոց

Չեմ կարող ասել` ում մեղքով կամ ինչու, բայց ես նախկինում երբեք չէի եղել գազանանոցում: Դե սա այնքան էլ տարօրինակ չէ. հայրս չի սիրում զբոսանքներ կազմակերպել, մայրս, բնականաբար, միայնակ չէր կարող մեզ Էջմիածնից հասցնել Երևան` գազանների հետ ծանոթացնելու համար, այն էլ այն ժամանակ, երբ մեր մանկությունն անցնում էր Հայաստանի ամենաանմոռանալի` մութ ու ցուրտ տարիների հովանու ներքո:

Ինչևէ, երբ նույնիսկ այնքան հասուն էի, որ կարող էի անձամբ գնալ գազանանոց, դարձյալ հստակ որոշում ոչ մի օր չկայացրեցի, ու այդպես էլ մնացի` 24 տարեկան, ով երբեք էլ չի եղել գազանանոցում: Մինչև բուն պատմությանս անցնելն, ասեմ, որ կենդանիների հետ «մոտիկից» ծանոթանալու առիթ ունեցել եմ մի անգամ, երբ Էջմիածին էր եկել մի շրջիկ խումբ, որը քաղաքում մի քանի օր ցուցադրում էի սողունների, կրծողների ու որոշ ջրային կենդանիների:
Տարիների բացը լրացնելու համար Տիգրանն ինձ նախօրեին տարավ Բրիստոլի Գազանանոց: Սա մի իսկական զբոսայգի-անտառ է, որտեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն անձամբ կերակրելու կենդանիներին, դրանց առավել լավ ճանաչելու համար խաղի միջոցով պատկերներ ստանալու, խաղալու խոտերի մեջ, փոքրիկ ջրավազաններում վազվզելու, պարանից կախված կամուրջներ ու դժվարություններ հաղթահարելու: Սա, թերևս, հնարավորություն է` հասկանալու, որ կենդանինները ևս բնության անբաժան մասն են և հենց մարդն է, որ պետք է հոգ տանի կենդանական աշխարհի բազմազանության մասին:

Բրիստոլի գազանանոց կատարած այցս, սակայն, ոչ միայն ճանաչողական էր, այլև դաստիարակչական: Բացի այն, որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալու կենդանինների արքայի, մարդանման գորիլայի, պինգվինների ու ծովառյուծների, կապիկների, թռչունների, խոշոր եղջերավորների, միջատների, թիթեռների, ձկների, ջրային կենդաննիների, բույսերի ու սողունների տարբեր տեսակների հետ, ես մի շատ կարևոր բացահայտում էլ կատարեցի:

Համոզվեցի, որ մարդ պետք է կենդանական աշխարհի հետ ծանոթանա այն ժամանակ, երբ նոր է սկսում ընկալել ու ճանաչել շրջակա միջավայրը, երբ նոր է ձևավորվում նրա աշխարհընկալումը, հակառակ պարագայում, նա` ինձ նման, չի կարող լիասիրտ գոռալ, երբ իր գլխին թութակ է կանգնել ու ավելի բարձր է գոռում, երբ ապակու այն կողմում առյուծը սկսում է քայլել իր փոքրիկ անտառում, երբ պինգվինները գլխիդ վերևով լողում են, ու չի զզվի, երբ տեսնի տարբեր տեսակի որդեր, մորեխներ ու միջատներ: Հենց այդ ժամանակվանից է, որ նրա մեջ կարմատավորվի այն միտքը, որ մարդը չպետք է խաթարի բնության ներդաշնակ զարգացումը ...

No comments:

Post a Comment