21 October 2010

Մանկավարժությունը մասնագիտություն չէ՞ … կոչու՞մ է

Օրերս մի հոդված կարդացի «Haynews» լրատվական կայքում: Կայքը պատմում էր սոցիալական ցանցերում, մասնավորապես «Facebook»-ում և «YouTube»-ում, ակտիվորեն շրջանառվող մի տեսահոլովակի մասին, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է ուսուցչուհին ծեծի ենթարկում աշակերտներին:

Այս տեսանյութի շուրջ քննարկումները ևս ակտիվ էին: Դրան անդրադարձել էր ոչ միայն անձամբ ՀՀ կրթության և գիտության նախարարը, այլև կրթության ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ: Ինձ համար կարևոր է, սակայն, այն, որ մեր արատները, որոնք նախկինում ամոթով պահել ենք մութ նկուղներում, այժմ ջրի երես են դուրս բերում … անկախության սերնդի ներկայացուցիչները:

Անշուշտ նմանօրինակ դրսևորումները զայրացնող են, քանի որ մանկավարժությունը ոչ թե մասնագիտություն, այլ` կոչում հորջորջող երկրում կան, մեղմ ասած, հոգեկան հիվանդներ, ովքեր իրենց անհավասարակշռությունը վառ կերպով են դրսևորում, այդպիսով, սակայն, ցավոք` խաթարում են երեխաների ձևավորվող հոգեկանը ևս: Զայրացնող է, որ դեռ նման հոգեկանները շարունակում են ապրել հասարակության շրջանում` հավասար պայմաններով, ավելին` բարձր գլխով քայլելում են ու ամեն առավոտ գործ են ունենում տասնյակ երեխաների հոգեկերտվածքի հետ:

Մյուս կողմից էլ հուսադրող է այն, որ վերջապես, նոր սերունդը բոլորին հասկացնել է տալիս, որ այլև չի գործում «Սա է, ուզում եք` ուզեք, չեք ուզում` մի ուզեք» տարբերակը, այլ եկել է ժամանակը` «Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես հարկն է, ինչպես ես եմ ուզում» տարբերակի: Ուրախալի է, որ երեխաներն ինքնուրույն են գտնում իրենց խնդիրների լուծման ճանապարհը` դուրս գալով մեծահասականների խաղերի բոլոր կանոններից: Ուրախալի է, որ երեխաներն են ստիպելու ուսուցչուհուն` իր անասնական պահվածքի համար պատասխան տալ հասարակությանը:

Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ այս դեպքից հետո կսթափվեն բոլորը: Մի կողմը կհասկանա, որ մի օր էլ իր կիրառած մեթոդաբանությունն է հայտնվելու համացանցում` բոլորի աչքի առաջ: Մյուս կողմն էլ, ովքեր կարծում են, թե ի զորու չեն ոչինչ փոխելու, կհասկանա, որ եկել է ժողովրդավարություն հիմնելու ժամանակը, որը ոչ թե պետք է թելադրված լինի գերտերությունների կողմից, այլ` պետք է լինի իսկապես հասարակական պահանջ ու անհրաժեշտություն:


Հ.Գ. – Շնորհակալ եմ նրանից, ով տեսագրել, ապա այդ տեսանյութը համացանցում է տեղադրել … Հույս ունեմ, որ էլ առիթ չենք ունենա նման տեսագրություններ դիտելու:

No comments:

Post a Comment