22 October 2010

Նախաճաշ

Արևի աշնանային, վառ ծիրանագույն ճառագայթները ստիպում են ամեն առավոտ արթնանալ, մոտենալ պատուհանին, ժպտալ ու նոր հույսերով լցվել: Պատուհանից այն կողմ տարածվող հրաշք քաղաքն էլ նպաստում է դեպի երկինք թռչելուն, հատկապես, որ այստեղ վաղ առավոտից ամեն ինչ հեքիաթային է:

Երիտասարդ պարոնն ու գեղեցիկ տիկինն առավոտյան, առանց նշանակված ժամից ուշանալու, դուրս են գալիս իրենց ննջարանից և քայլում դեպի ճաշարան: Ախորժաբեր հոտերի արանքից երևում է մատուցողի ժպիտը, ով ամեն առավոտ նույն ոգևորությամբ միևնույն հարցն է տալիս. «Դուք թե՞յ, թե՞ սուրճ կկամենաք: Իսկ թոստը սպիտա՞կ, թե՞ սև հացից»:

Տեղավորվելով պատուհանի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Էյվոն գետն ու մոտակա կառամատույցը, որտեղ փոքրիկ Պերոս կամրջի վրայով արագ քայլերով մեկը մյուսի հետևից անցնում են մեծ ու փոքր, ակամա կտրվում ես իրականությունից: Հեքիաթային քաղաքը, սպիտակ դաշնամուրից հնչող մեղմ ջազային մեղեդիները մի ակնթարթում տեղափոխում են քեզ դարերի հեռուն:

Այստեղ` Արքայազնի փողոցով, հեծանիվների փոխարեն կառքեր են անցնում, այստեղ սենյորներն ու սենյորիտաները ջինսերի փոխարեն դասական բաճկոններով ու կիպ կոճկած զգեստներով են: Այստեղ մարդիկ խոսում են ոչ թե ահաբեկչությունների կամ տնտեսական ճգնաժամի մասին, այլ` քննարկում են սերունդներն ավելի կրթված ու բանիմաց, ներկա պայմաններն ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու խնդիրները: Այստեղ խոսում են խաղաղությունը պահպանելու, այլ ոչ թե միջուկային զենքի արտադրությամբ աշխարհին սեփական ասելիքը թելադրելու մասին:

Ժամանակով ընթանում եմ առաջ. հայտնվում եմ նույն հյուրանոցում, որտեղ ամեն առավոտ տապակած խոզապուխտ ճաշակելուց հետո միրգ եմ վայելելու: Այստեղ որքան էլ վերանամ իրականությունից` միևնույն է` իրականության մեջ եմ փորձելու խաղաղության ու ներդաշնակության ձգտող իմ աշխարհի սահմանները գծել:

No comments:

Post a Comment