Սկզբում, երբ նոր էր Կարապետյանը նշանակվել քաղաքապետ, մտածում էի` գրեմ, որ հազիվ նշանակվեց մեկը, ով քաղաքական գործիչ չլինելով հանդերձ, հաջողված բիզնեսմեն է, և քաղաքականությունը, հուսով եմ, չի խառնի սեփական կյանքն ու բիզնեսը ծաղկեցնելու համար:
Հետո` մտածում էի գրեմ, որ այս քաղաքապետը կատարում է իմ վաղեմի երազանքները: Կանգառները կանգառների նման են դառնում, խոստանում է աղբահանությանն առավել ուշադրություն հատկացնել, երթուղային տաքսիները փոխարինել ավտոբուսներով` թեթևացնելու համար քաղաքի գերծանրաբեռնված երթևեկությունը, իսպառ վերացնելու է փողոցային առևտուրը, բարելավելու մայրաքաղաքի արտաքին տեսքը և այլն, և այլն:
Բայց մեկ էլ` հո´պ, ու տեսնում ենք, որ ասես ամեն ինչ գլխիվայր է արվում: Աղբահանությունն առավել լավ կազակերպելու համար, չգտես ինչու, մեքենանների վրա տեղադրվում են GPS սարքեր, փոխարենն, օրինակ, աղբահանողների դույլերը, աղբ հավաքող թիակներն ու մեքենաները նորացվելու, ավելացվելու, արդիականացվելու...
Հետո մեկ էլ` հո´պ, տեսնում ենք, որ փողոցում առևտուր անող մարդիկ մեկ օրում հայտնվում են փողոցում, ու ոչ ոք չգիտի, թե այսուհետ նրանք որտեղ են առևտուր անելու, առավել ևս` չգիտի, թե այսուհետ նրանց ընտանիքններն ինչպես են գոյատևելու: «Հարցը կլուծվի»` խոստանում են մեր քաղաքային իշխանությունները, ու մինչև մենք սպասում ենք հարցի լուծմանը, մեկ էլ` հո´պ, ու փողոցում են հայտնվում արդեն փոքր կրպակների առևտրականները: Ու չորը թացի հետ խառնելով` բոլորին ուղարկում են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու կամ լավագույն դեպքում` հավաքվելու ու այս երկրից անվերադարձ հեռանալու....
Սա էլ հնարավորինս անուշադրության մատնելուց ու հասարակության համար սովորական դարձնելուց հետո մեկ էլ` հո´պ, ու տեսնում ենք, որ կենտրոնական փողոցների շենքերի ճակատները լվանալու ու մաքրելու արդյունքում (ինչն իսկապես գովելի որոշում էր), քաղաքը սկսում է փոխել իր գույնը ... չէ` կներեք, քաղաքը սկսում է գունավորվել: Ու եթե հաշվի չառնենք այն, թե ինչու են կենտրոնական փողոցների շենքերին «նոր» տեսք տալու համար ընտրվում տարօրինակ ու իրար հակասող երանգներ, չենք կարողանում հաշվի չառնել, որ ներկված շենքերը սկսում են ուրիշ ակորդներ նվագել միևնույն սինֆոնիայում, որը ստեղծվել է ... ու արդեն էլ ոչ մեկ չի հիշում` ում կողմից:
Հետո, մինչ աչքներս սկսում է սովորել գունավոր շենքերին, հո´պ-հո´պ` իրար հետևից հողին են հավասարվում պատմամշակութային արժեք ունեցող այն շենքերը, որոնք «բախտի դաժան հեգնանքով» հայտնվել են այնտեղ, որտեղ «մեր ընԳերները» ցանկանում են հյուրանոց, սրճարան կամ եկամտի այլ աղբյուր կառուցել:
Ու մինչ մի խումբ մարդիկ հիմա էլ Հանրապետության հրապարակում կառուցվելիք անհասկանալի թմբուկից հայացքներն ուղում են այս կողմ` թմբկահարելու, մեկ էլ ` հո´պ, չի դադարում քաղաքի կենտրոնում ոչնչանալ Ուսանողական այգին, այլ հիմա էլ պարզվում է, որ «ախր Վաչոն էլ ա մեր ընԳերը»...
Ինձ թվում է ինչ-որ բան մոռացա... Հա, ախր հիմա այնքան է դժվարացել իմ նմանների համար մայրաքաղաք հասնելու գործընթացը, որ մինչև հասնում ես, էլ ներվ չի մնում ուշադրությունդ փոփոխությունների վրա կենտրոնացնելու: Ու հենց այդտեղ էլ հիշում ես, որ չնայած որոշ ավտոբուսների շնորհվեց անվճար Wi-Fi ունենալու պատիվը, բայց չարքաշ միկրոավտոբուսները չփոխարինվեցին, ավելին` շարունակում են խցանումներ առաջացնել: Հիշում ես, որ քաղաքի երթևեկությունը թեթևացնելու համար ոչ թե մետրոյի նոր կանգառներ բացվեցին, ու մետրոպոլիտենն արդիականացավ, այլ թեթևակի կոսմետիկ վերանորոգությունների արդյունքում մետրոյի ուղեվարձը կրկնակի թանկացավ:
Հիշում ես, որ հիմա մարզերից մայրաքաղաքի կենտրոն հասնելու համար տանից առնվազն 1 ժամ շուտ պետք է դուրս գաս, առնվազն 3 տրանսպորտ պետք է փոխես, առնվազն մի քանի 1000 դրամ ավել պետք է ունենաս... սա էլ այն դեպքում` եթե բախտավոր ես: Բախտավոր ես` այսինքն` առնվազն աշխատանքդ կամ դասերդ չեն սկսվում առավոտյան ժամը 9-ին կամ ավելի վաղ: Որովհետև, որքան էլ հետևես քաղաքապետարանի խորհրդին և շուտ արթնանաս քնից, որքան էլ շուտ դուրս գաս տանից, երաշխավորված չէ, որ ժամանակին տեղ կհասնես: Քանի որ, չնայած փոփոխություններին, մարզային տրանսպորտը շարունակում է նույն ժամին սկսել իր աշխատանքը: Չնայած փոփոխություններին` ավտոկայաններից հնարավոր չէ հասնել ցանկալի վայրը, որովհետև երթուղային տաքսիների ուղեգծերում փոփոխություններ չեն գրանցվել: Որ չնայած մարզերից եկող մարդկանց կենտրոնացնելուն մի վայրում, չեն ավելացել ավտոկայաններ գնացող և ավտոկայաններից շարժվող երթուղային տաքիների ու ավտոբուսների քանակը: Ու չնայած նրան, որ հիմա մարզից եկողը ստիպված ավելին է ծախսում, նրա աշխատավարձում ևս փոփոխությունններ չեն կատարվել...
Ու մինչև համբերատար սպասում ես, որ փոփոխությունների հետևանքով առաջացած նորանոր խնդիրները ևս լուծումներ են ստանալու, ու դու գրելու ես, մեկ էլ` հո'պ, ու փոփոխություններ կատարող գլխավոր սուբյեկտը հայտարարում է, որ ինքն աշխատանքային ավելի լավ առաջարկ է ստացել, որ չի ցանկանում անշառ գլուխը շարունակել շառ ու փորձանքի տակ պահել, ու չնայած իր կատարած փոփոխություններին` չի մնում արդյունքները քաղելու, այլ գնում է խոպան, ուրիշի դրածն ու ստեղծածը վայելելու...
Ու հետո ասում եք` հո'պ, մի մտածի գնալու մասին... ամեն ինչ լավ կլինի...
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի