11 October 2011

Թբիլիսովա

Երեք օր ու գիշեր Վրաստանի մայրաքաղաքը տոնակատարությունների մեջ էր: Թբիլիսիի կենտրոնական փողոցները լիքն էին զուգված-զարդարված մարդկանցով, ովքեր երկրի տարբեր շրջաններից ժամանել էին` շնորհավորելու գեղեցիկ մայրաքաղաքին` տոնի կապակցությամբ: Նրանց թվում հնարավոր էր առանձնացնել նաև տեղի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու զբոսաշրջիկներին, որոնք ևս քիչ թիվ չէին կազմում:

Այս տարի խախտվել է ավանդությունը և Թբիլիսովան (վրացիներն այսպես են կոչում Թբիլիսիի տոնը) հոկտեմբերի վերջին նշելու փոխարեն տոնվեց  հոկտեմբերի սկզբին, ինչը, տեղաբնակների կարծիքով, պայմանավորված է Ֆրանսիայի նախագահի` Վրաստան կատարած այցելությամբ: Հենց այս առիթն օգտագործելով էլ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից երկու նախագահները` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տվեցին եռօրյա տոնակատարությունների մեկնարկը:
Բացի այդ` չնայած հոկտեմբերի 7-ը ուրբաթ էր, իշխանությունների կողմից հայտարարվել էր ոչ աշխատանքային: Ու շատերն էին հնարավորություն ստացել թողնել բան ու գործ, գալ մայրաքաղաքի գլխավոր հրապարակ, անձամբ տեսնել և ողջունել Ֆրանսիայի նախագահին:
Տոնակատարություններն իրենց գագաթնակետին հասան հոկտեմբերի 8-ին` շաբաթ օրը: Քաղաքի տարբեր անկյուններում, գլխավորապես Հին Թբիլիսիում, կառուցված մեծ ու փոքր բեմերում օրվա տարբեր ժամերին համերգներ էին կազմակերպվում: Համերգներով հանդես էին գալիս ինչպես վրացի, այնպես էլ այլազգի երգիչ-երգչուհիները (այդ թվում և հայերը):

Հին Թբիլիսիի փողոցները վերածվել էին բացօթյա ցուցասրահների: Ամեն քայլափոխին գործող ցուցահանդես-վաճառքների շնորհիվ հնարավոր էր գնել տարատեսակ ուտեստներ ու մրգեր, ձեռագործությունից ու գորգագործությունից, նկարչությունից ու լուսանկարչությունից լավագույն նմուշներ: Իսկ ցուցադրության ներկայացված հին ավտոմեքենաները կարելի էր վարձակալել ու մի քանի պտույտ կատարել Թբիլիսիի հինավուրց թաղերով:

Տոնի կապակցությամբ լիքն էին նաև սննդի կենտրոնները: Շատերը նույնիսկ իրենց կերուխումը կազմակերպել էին դրսում և հյուրասիրում էին անցորդներին: Ու ամեն կողմից տարածվող ուտելիքի բույրը, երաժշտության ձայնը, գունազարդված երեսներով երիտասարդներն ու բազմերանգ փուչիկներով զինված մանուկները բարձր տրամադրություն էին հաղորդում ցանկացածին, ով այս երեք օրերի ընթացքում գեթ մի քանի րոպեով ոտք էր դրել փողոց:
Տոնակատարություններին իրենց մասնակցությունն էին բերել նաև տեղի իշխանությունները: Նրանք այս երեք օրերի ընթացքում զբոսանում էին քաղաքի տարբեր մասերում, մասնակցում ամենատարբեր միջոցառումներին, բարեմաղթանքներ հղում ու կիսվում տպավորություններով:

Համընդհանուր եռուզեռը իշխում էր կիրակի օրը ևս: Եվ ինչպես ցանկացած տոն, Թբիլիսովայի եզրափակումը նույնպես տրվեց շքեղ հրավառությամբ, որը տեսանելի ու լսելի էր մայրաքաղաքի տարբեր անկյուններից:

No comments:

Post a Comment