24 July 2013

Վճարելու ենք 100 դրամ

Լուսանկարը` Ֆոտոլուրի
Սրանից ուղիղ 10 տարի առաջ էր, որ երթուղային տաքսիների ու ավտոբուսների գինը կրկնակի թանկացավ՝ 50–ից դառնալով 100 դրամ։ Տաս  տարի առաջ էր, բայց գրեթե նույն պատճառաբանությամբ՝ պետք է նորացվեն երթուղայինները և պետք է թեթևացվի դրանցում երթևեկողների ծանրաբեռնվածությունը, այլ կերպ ասած՝ 10 տարի առաջ էլ կանգառներում ժամերով չպետք է սպասեինք ցանկալի միկրոավտոբուսին, պետք է երթևեկեինք նոր միկրոավտոբուսներով ու, որ ամենակարևորն է, նստած։

Այս փոփոխությունը շատ լավ եմ հիշում, քանի որ հենց 2003 թ–ին առաջին կուրսի ուսանող էի, ու փոփոխությունը զգալի ազդել էր նաև ծնողներիս՝ ուսանող պահելու համեստ հաշվարկների վրա։ Շատ լավ եմ հիշում նաև, որ թանկացումից հետո, իսկապես գրեթե մեկ ամիս բոլորը նստած էին երթևեկում՝ ստիպողաբար, քանի որ ճանապարհային ոստիկանների կողմից տուգանվում էին բոլոր այն վարորդները, ովքեր «հանդգնել» էին կանգնած ուղևոր վերցնել։ Սակայն մեկ ամիս անց կանգառներում մարդկանց կուտակումները հետզհետե սկսեցին նվազել՝ կանգնած երթևեկողների հաշվին, իսկ միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն այդպես էլ ամբողջությամբ չնորացվեցին։

Պատմությունը կրկնվում է նույն տրամաբանությամբ, ուրախալի է միայն, որ ի տարբերություն նախորդի, այսօր բողոքողներ կան։ Ու որքան էլ թանկացումն արդարեցնողները փորձեն բողոքը միայն սոցիալական հարթությունում դիտարկել, միանշանակ է, որ սա իշխանությունների՝ «դրական փոփոխություններ»–ին միտված հերթական խոստման դեմ պայքար է, քանի որ վերջին առնվազն տաս տարիներն ապացուցել են, որ պայմանների նմանօրինակ ոչ մի փոփոխություն իրավիճակը չի փոխում, առավել ևս՝ ոչ մի թանկացում չի լինում «ի օգուտ ժողովրդի»։

Այսօր տրանսպորտի թանկացման դեմ բողոքող յուրաքանչյուր ոք վստահ է, որ թանկացումը հանգեցնելու է միայն սեփական ծախսերի ավելացմանը, վստահ է, որ դրանից ո՛չ վարորդի գրպանի պարունակությունն է ավելանալու, ո՛չ տրանսպորտային միջոցներն են բարելավվելու, և ո՛չ առավել ևս երթևեկության ծանրաբեռնվածությունն է թեթևանալու։ Նրանցից յուրաքանչյուրը հարմարված լինելով հանդերձ կիսակռացած, ոչ սարքին միկորավտոբուսներով ու ոչ հիգենիկ պայմաններում երթևեկելուն, վերջնականապես հոգնել է հլու–հնազանդ տանել հերթական անհիմն ու անտեղին թանկացումը, հոգնել է ստորացված լինելուց ու համատարած անարդարության մթնոլորտում օրեր մաշելուց, հոգնել է անձայն բողոքելուց։

Սակայն ի տարբերություն քաղաքացիական հասարակության գիտակցության ու կազմակերպվածության բարձրացման, քաղաքային ու պետական իշխանությունների քայլերում այս ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չկա։ Իշխանությունները շարունակում են չհիմնավորված պարզաբանումներով ավելացնել սեփական քաղաքացիների սոցիալական բեռը, շարունակում են հաշվի չնստել իրենց ընտրողների հետ, դեռ մի բան էլ ավելի՝ հայհոյում են ու ոստիկանության ներկայացուցիչների բիրտ ու անօրեն ուժի կիրառմամբ ավելացնում են պայքարողների թե՛ եռանդը, թե՛ ներուժը և թե՛ պայքարի արդյունքում արդարություն գրանցելու նկատմամբ ունեցած անկեղծ հավատը։ Ցավալի է, որ իշխանությունները չեն գիտակցում, որ իրենց բարեկեցիկ կյանքի գրավականը բարեկեցիկ ապրող քաղաքացու ձեռքում է, չեն գիտակցում, որ անցել են բռնության ժամանակները, որ ամեն կողմից անկյունում նետված մարդը կարող է շատ ավելի հեռու ցատկել ու, որ սեփական իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրի բնական պահանջն  է։

7 May 2013

Թանը դարձել է թան

Ինչպես իմ բլոգի, այնպես էլ Այսօր-ի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ հրապարակված «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց» գրառումը, որում պատմվում էր, թե ինչպես լատվիացի ընկերս, «100 % natural pasterized milk» (թարգմ` 100% պաստերացված անարատ կաթ) մակագրությամբ շիշը գնելով, թան էր տուն տարել: Խոսքը վերաբերում էր «Բոնիլատ» կաթնամթերք արտադրող ընկերությանը, որի արտադրած թանի վրա անգլերեն լեզվով նշված չէր նույնիսկ, որ շշում թան է:

Հիշեցնենք սակայն, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ից, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայությունից հավաստիացրեցին, որ չնայած սպառողների իրավունքի տեսանկյունից հստակ խախտվել է հայերեն չիմացող սպառողի իրավունքը, բայց ՀՀ օրենքի տեսանկյունից այն խախտում համարել չի կարելի, քանի որ օրենքը պահանջում է միայն հայերեն լեզվով մակնշման պարտադիր առկայություն:

Այնուամենայնիվ ուրախ ենք տեղեկացնելու, որ «Բոնիլատ» ընկերությունն արձագանքել է մեր գրառմանը, և ուղղել շշի վրայի օտարալեզու գրառումը: Այժմ շշի վրա ոչ միայն նշված է «Buttermilk»` թան, այլև ճշտված է  «100 % natural pasterized milk» գրությունը` «Produced from 100 % natural milk»` «Արտադրված է 100 % բնական կաթից»:

Նախորդ հրապարակումներն այստեղ` «Milk` կա՞թ, թե՞ թան», «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց»:

25 April 2013

Աշխատում ենք ավտոտեսուչների համար

Ամեն առավոտ ամուսինս աշխատանքի վայր հասնելուն պես մեքենան կայանում է Երևանի Կորյուն-Տերյան խաչմերուկում ու ավտոկայանիչին (պարկովշիկին) տալիս հասանելիք 200 դրամը: Մի «բարի» օր այս խաչմերուկում ևս տեղադրվեցին խախտումներն արձանագրող տեսախցիկներ:

«Բա սա ինձ չի նկարի»,- հետաքրքրվեց ամուսինս, իսկ ավտոկայանիչը վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է, չէ՞ որ ավելի քան 2 տարի է ինքն այս նույն վայրում է կայանում մեքենան:

Անցավ մեկ ամիս, ու այս է գրեթե ամեն օր Ճանապարհային ոստիկանությունից նույն բովանդակությամբ նամակ ենք ստանում, որով այս կամ այն տեսուչը տեղեկացնում է` Կորյուն-Տերյան խաչմերուկի Կորյունի հատվածում խախտվել է կանգառ կատարելու կանոնը, որի դիմաց սահմանվում է 5000 դրամ տուգանք: Ավելին` որոշ նամակներ էլ հայտնում են, որ Կորյուն-Տերյան խաչմերուկի Տերյանի հատվածում երկու ակով մայթին կայանած մեքենաների վարորդները խախտել են ոչ թե կանգառ կատարելու կանոնը, այլ մեքենան երթևեկել են մայթով, ինչի համար տուգանվում են 20 հազար դրամով:

Իրավաբանական տեսանկյունից ողջունելի է Ճանապարհային ոստիկանության տեսուչների «անաչառ» աշխատանքը: Միևնույն ժամանակ, հենց նույն իրավական տեսանկյունից, անհասկանալի է, այդ ինչու՞ մինչ տեսախցիկների տեղադրումը այդ նույն տեսուչները, որոնք համաձայնեք անպակաս չեն Երևանի կենտրոնական փողոցներից, մի օր նույնիսկ չնկատեցին, որ նշյալ վայրում կայանված մեքենաները խախտում են կանգառ կատարելու կանոնը, կամ մայթին կայանելու համար «մեքենան վարում են մայթի վրայով»: Էլ չեմ ասում, որ շուրջ մեկ ամիս հետո ստացվող նամակները միայն տեղյակ պահեցին ավտոկայանիչին, որ վերջինս ամեն օր ՃՈ «ջրաղացին» բազմաթիվ 5000 կամ 20000 դրամներ է «լցնում»:

Հարցի բարոյական կողմը քննարկելը նույնիսկ ավելորդ է: Բավական է միայն 21 աշխատանքային օրը բազմապատկել տուգանքների միջինով, ու ստացված միջինում 262 հազար 500 դրամն ամեն ինչ կասեն: Նույնիսկ շատերին այս գումարը փաստի առաջ կկանգնեցնի` վկայելով, որ ամիսն անցկացնելու են առանց աշխատավարձի: Սրա հետ մեկտեղ հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնի այս հատվածում մեծ բախտավորություն է ազատ կայանատեղի գտնելը, իրենց արդար քրտինքով ապրուստի միջոցը վաստակող վարորդներից շատերը հավանաբար այսուհետ կնախընտրեն հարմարավետությունը փոխարինել ծալված մեջքերով երթուղային տաքսիով աշխատանքի հասնելու «հաճույքի» հետ:

Հ. Գ. 1 - Խնդրի մասին փորձեցինք զրուցել նաև «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցչի հետ: Վերջիններս ցավով տեղեկացրեցին, որ սույն հարցով տասնյակ վարորդներ են ամեն օր ահազանգում, սակայն իրենք ոչինչ անել չեն կարող: Միակ լուծումն, ըստ վարորդների իրավունքների պաշտպանի` խնդրել «Ցիտադելի» տնօրինությանն առանձնացնել կայանման վայրը:

Հ.Գ. 2 - Դե արի վարորդ ջան, ու մի խենթանա...

22 February 2013

Իմ Փելեշյանը


Երկրորդ հարկի միջանցքի վերջում թաքնված լսարանը մեզ համար բացահայտել էր «Կինոյի ու թատրոնի» պատմության դասախոս տիկին Շիրինյանը: Իր դասաժամին մեր կողմից ցուցաբերած աշխատասիրությանն ու հետաքրքրությանն ի պատասխան` նա պայմանավորվածություն էր ձեռք բերել կինոյի և լրագրության ամբիոնի հետ, և մենք հնարավորություն էինք ստացել շաբաթ օրերին ևս գալ համալսարան` կինոդիտումների:

Այս ռեժիսորական լսարանն ուսանողների շրջանում հայտնի էր` որպես կարմիր սենյակ: Ձայնամեկուսացման համար պատերին կարմիր կարպետ էր փակցված, պատուհանները փակված էին ու միայն մի նեղ ու բարձր ապակի կար, որը լսարանը կապում էր ռեժիսորների փոքրիկ արհեստանոց-արխիվի հետ: Այստեղ տեղադրված փոքր էկրանը խոչընդոտ չէր հանդիսանում մեծ կինոդիտումներ կազմակերպելու համար: Անտեսելով լսարանի տեսուչի դժգոհությունները, թե շաբաթ օրերին ինքը ստիպված է լրացուցիչ 2 ժամ աշխատանքի վայրում լինել, ամեն շաբաթ լրացված կազմով էինք ներկայանում կինոդիտումներին: Մեր համալսարանական ընկերները, հարազատներն ու կինոսիրող ծանոթները դարձել էին այս լսարանի մշտական այցելուները:

Հենց այս կարմիր պատերից ներս է, որ առաջին անգամ դիտեցի Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Այս լսարանի շնորհիվ է, որ «Մենք»-ն ու «Տարվա եղանակները» առհավետ իմը դարձան, այս լսարանում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր համար բացահայտեց իր Փելեշյանին:

Սև ու սպիտակ տեսարանները, հայ մարդն ու նրա կենցաղը իր դարն ապրած, երբեմն թրթռացող տեսաժապավենից թափանցում էին մեր հոգիներ, ստիպում, որ համակ ուշադրությամբ ու առանց շշուկի վայելենք փելեշյանական աշխարհը: Այս ֆիլմերից ստացած մտքերի հեղեղը հօդս էին ցնդեցնում ցանկացած քննարկում. մեզանից յուրաքանչյուրը կարողանում էր խորը լռությունից արտաբերել միայն` հիրավի հանճարեղ է:

Հենց այդ տարիներին էր, որ Փելեշյանը հրավիրվեց մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Մեծ ռեժիսորի այցով էր, ըստ իս, պայմանավորված երևանյան կինոփառատոնի համաշխարհային ճանաչման ու աշխարհագրության ընդլայնումը: Հիշում եմ, որ փառատոնի շրջանակում կար հատուկ ծրագիր` նվիրված Փելեշյանի ֆիլմերի հետհայաց ցուցադրությանը: Հպարտությամբ եմ հիշում, որ վարպետի ֆիլմերի ցուցադրություններին երիտասարդները համաձայնում էին տոմս գնել` նույնիսկ հատակին նստած ֆիլմերը նայելու համար, ու այդ ցուցադրություններին անգամ հատակին ազատ տեղ չկար:

Ծնունդդ շնորհավոր, հանճա'ր, ծնունդդ շնորհավոր իսկական հայ: Ու չնայած ստեղծածդ արդեն բավարար է քեզ անմնացորդ սիրելու ու գնահատելու, քեզ ընդմիշտ երախտապարտ լինելու համար, բայց ես էլ, շատերի նման, հավատում եմ, որ դեռ մեզ զարմացնելու ես նոր աշխարհներով...

21 February 2013

Շախ-մատ

Հետընտրական զարգացումների ֆոնում ամենաշատը ցավում եմ հորեղբորս համար, ում այդպես էլ մինչ օրս չկարողացա բացատրել, որ ընտրությունները մի խաղ է, որտեղ նույնիսկ իր նմանների դերն է նախապես որոշված: Հորեղբայրս անվերապահորեն վստահ էր` ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ իշխանափոխություն է ցանկանում: Բոլոր այն փաստարկները, որոնք վկայում էին, որ Րաֆֆին եկել է ոչ թե անհնարը հնարավոր դարձնելու, այլ զուտ ընդդիմադիր դաշտում առաջացած բացը լրացնելու համար, բողոքարկվում էին մի նախադասությամբ` «Դե եթե չես պաշտպանում Սերժին, ուրեմն պետք է Րաֆֆուն պաշտպանես»:

Ցավում եմ, որ միայն հորեղբայրս չի այդպես է մտածում, ցավում եմ, որ շատերը դեմ լինելով գործող իշխանություններին (անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ) կանգնում են իրեն ընդդիմադիր հռչակած գործչի թիկունքում: Ցավում եմ, որ 2008 թ-ի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունները դաս չեղան նրանց համար, ովքեր մի ժամանակ գոչում էին «Լևոն նախագահ»: Ավելին, ցավում եմ, որ «Րաֆֆի նախագահ» վանկարկողների ստվար զանգվածը հենց վերոնշյալ անձիք են:

Այսօր` Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո, կարծում եմ հորեղբայրս կդադարի հակառակել ինձ, ու որքան էլ ուրախ լինեմ այն բանի համար, որ Րաֆֆին ժամանակին վայր դրեց «մինչև վերջ» պայքարողի դիմակը, միևնույն է ցավում եմ այն հիասթափության համար, որ ապրելու է «հնարավոր»-ին հավատացող յուրաքանչյուր ոք...

Ու ինչ է վաղն ասի նախագահի պաշտոնին հավակնող Հովհաննիսյանը` միևնույն է. շատերի համար արդեն պարզից էլ պարզ է, որ շախմատային հերթական պարտիան ավարտվեց` ի օգուտ Շախմատի ֆեդերացիայի նախագահի, շատերի համար արդեն անհերքելի է, որ գլխավոր խաղացողն է որոշում յուրաքանչյուր խաղաքարի հետագա քայլը...

7 February 2013

Մանկավարժները` բռնի բարեգործ

Նախորդ շաբաթվանից տարբեր դպորցներում դասավանդող ուսուցիչներից նույն պատմությունն եմ լսում. նրանց դպրոցների տնօրենները ստիպում են բարեգործ դառնալ: Ինչպես պարզվեց` խոսքը միայն Արմավիրի մարզի մանկավարժներին է վերաբերում, իսկ դպրոցի տնօրինությունը նման «հանձնարարություն» ստացել է մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Այսպիսով` Արմավիրի մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին տնօրինության կողմից բաժանվել են դիմում-հայտեր, որոնցով նրանք «խնդրում են տնօրենին յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 %-ը փոխանցել «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին»: Որոշ դպրոցներում ուսուցիչներն` իբրև ինքնակամ, արդեն ստորագրել են դիմումի տակ, որոշ դպրոցներում էլ ուսուցիչների բողոքից հետո տնօրեները հայտարարել են, որ «գործընթացը կասեցվում է` միայն թե ոչ մեկին չբողոքեք»:

Թե ինչպե՞ս են մեկնաբանում այս քայլը մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ վարչությունում գործող հեռախոսահամարներին արածս զանգերն առավոտից անպատասխան են մնում: Մինչդեռ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անակնկալի եկան, երբ տեղեկացան վերոնշյալի մասին: Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը նույնիսկ խնդրեց այդ մասին նամակ գրել նախարարության էլեկտրոնային հասցեին, որ իրենք էլ պարզեն, թե բանն ինչում է կայանում:

Այն, որ Արմավիրի մարզը հիմնադրամ է բացել` աջակցելու մշակույթի ու սպորտի զարգացմանը, ինքնին ողջունելի փաստ է, բայց այն, որ բարեգործությունն արվում է բռնի կերպով, այն էլ իրենց խղճուկ աշխատավարձով մի կերպ գոյատևող մանկավարժների հաշվին, կարծում եմ, անընդունելի է: Մյուս կողմից հասկանալի է ուսուցիչների բողոքը, քանզի միջինում 50 հազար դրամ աշխատավարձ ստացող և ոչ մեկ չի ցանկանա բարեգործություն անել, այն էլ` յուրաքանչյուր ամիս:

Մնում է հուսալ, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում էլ ուսուցիչներն այնքան համարձակություն կունենան, որպեսզի ընդդիմանան իրենց պարտադրվող բարեգործությանը, իսկ խնդրին Կրթության և գիտության նախարարության միջամտությունից հետո մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն էլ ի վերջի կհասկանա, որ բարեգործություն կամովի են կատարում:

30 January 2013

Milk` կա՞թ, թե՞ թան

Լատվիացի ընկերս չէր էլ կասկացում, որ ուշ երեկոյան «100 % natural pasteurized milk» (թարգմ` 100 % պաստերացված անարատ կաթ) մակագրությամբ շիշը գնելով, թան է տուն տանում: Նրա մտքով իսկ չէր անցնի, որ առավոտյան չի վայլելու իր սիրելի փաթիլները (хлопья), որովհետև «Բոնիլատ» կաթնամթերք արտադրող ընկերության թարգմանիչները «100 % անարատ պաստերացված կաթից» արտահայտությունը ճշտությամբ չեն թարգմանել, առավել ևս` անգլերեն տառերով գոնե մի անգամ չեն նշել, որը խոսքը թանի մասին է (ի միջիայլոց, սխալ էր գրված նույնիսկ պաստերացված բառը` «pasterized»):
«Պիտանի է մինչև ...», «Արտադրված է ...», «Բաղադրությունը ...» այն հիմնական չափանիշներն են, որոնց հատուկ ուշադրություն ենք դարձնում գնումներ կատարելիս: Սրան, անշուշտ, նպաստել են ոչ միայն խանութներում առկա ապրանքների բազմազանությունը, այլև սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կողմից կատարվող ստուգումներն ու արձանագրվող խախտումների մասին հրապարակումները: Ինչ վերաբերում է թարգմանություններին, ապա դրանք մեզանից գրեթե ոչ մեկին չեն հետաքրքրում:

Բայց արդյո՞ք սպառողի` այս դեպքում հայերեն չիմացող սպառողի իրավունքների խախտում չէ այն, որ շշի պարունակության մասին անգլերեն լեզվով որևէ բան նշված չէ, նշվածն էլ` անգրագետ թարգմանության շնորհիվ, այլ բանի մասին է վկայում:

«Օրենքի տեսանկյունից սպառողի իրավունքերի խախտում չենք կարող համարել, քանի որ Հայաստանի օրենքը պահանջում է հայերեն լեզվով մակնանշման պարտադիր առկայություն, այս պարագայում էլ հայերենով նշված է շշի պարունակությունը»,- ինձ հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպան» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:

Մյուս կողմից Չիլինգարյանը նշեց, որ զուտ սպառողի իրավունքների տեսանկյունից հստակ է, որ խախտվել են իրավունքները:

Սննդի անվտանգության պետական ծառայությունում ևս հաստատեցին, որ «խախտում կա, բայց ոչ ՀՀ օրենքով նախատեսված»: Ծառայության պետի մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ օրենքի համաձայն` տնտեսվարողն անգամ իրավունք ունի անգլերենով որևէ բան չգրել, օրենքն էլ գործում է հիմնական սպառողի` հայերի համար:

«Այս պարագայում հնարավոր է, որ նույնիսկ տպագրական սխալի հետ գործ ունենք»,- նշեց Պիպոյանն ու հայտնեց, որ ամեն դեպքում «Բոնիլատ» ՍՊԸ-ին բանավոր կզգուշացվի խախտման մասին, անհրաժեշտության դեպքում նշյալ տպաքանակով արտադրված կաթնամթերքի խմբաքանակը ետ կկանչվի:

Այս պարագայում ստացվում է, որ հայերեն չիմացող սպառողը պետք է ապավինի արտադրողի բարեխղճությանը կամ թարգմանողի գրագիտությանը, այլապես կշարունակի կաթի փոխարեն թան խմել:


23 January 2013

Հնարավոր է դեպի ապահով Հայրենիք գնալ` վերևում Աստված կա

Մենք հեռուստացույց չունենք, դրա համար էլ ինձ համար նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսվում է փողոցում հանդիպող գովազդային վահանակներից և ավարտվում է ինտերնետային լրատվամիջոցներով ու սոցցանցերով: Հետևաբար գրառումս բացառապես ինձ հասած քարոզչության արտացոլումն է:

Արամ Հարությունյանին անդրադառնալը, թերևս, անտեղին է` իր թեկնածությունը հանելու մասին հայտարարությունից հետո: Արման Մելիքյանի մասին էլ չգիտեմ ինչ կարելի է գրել. գիտեմ միայն, որ մի ժամանակ նա Արցախի արտգործնախարարն է եղել:

Պարույր Հայրիկյանին հարգում եմ` ինչպես ոսկեղենիկ հայերենով մտածողի ու արտահայտվողի, ինչպես Խորհրդային Միության տարիներին ազատության համար պայքարողի, ինչպես քրիստոնյայի, ով պաս և ծոմ պահել գիտի: Որպես երկրի նախագահ նրան կուզեի տեսնել անկախություն հռչակելուց հետո, սակայն այսօր ձայնս չեմ կարող տալ մեկին, ով նախկինում ևս, նախագահի թեկնածու լինելով հանդերձ, իր տեղը զիջել է մեկ ուրիշին:

Հրանտ Բագրատյանի մասին որևէ բան գրելն անիմաստ են համարում, ինչպես անիմաստ եմ համարում բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են ապացուցել, որ մութ ու ցուրտ տարիները հաղթանակի տարիներ էին, ովքեր փորձում են համոզել, որ լույս չկար, որովհետև պատերազմ էր: Միևնույն ժամանակ նախանձում եմ նրանց, ովքեր պատրաստվում են իրենց ձայնն այս թեկնածուին տալ: Ամենայն անկեղծությամբ` ես էլ կցանկանայի հիշողությունիցս իսպառ ջնջել 90-ականների բացասական ամեն բան, կցանկանայի միամիտի պես հավատալ, որ մեգատնտեսագետը պայմաններ կապահովի, որ մենք աշխատատեղեր ստեղծենք ոչ թե իր ղեկավարած տարիների նման` խոպաններում, այլ անկախ երկրիս սահմաններից ներս:

Հաջորդը մի ոմն Անդրեաս Ղուկասյան է, որ չգիտեմ` որտեղից հայտնվեց, ինչու՞ հայտարարեց, թե նախագահ է ուզում դառնալ, ու մեկ էլ հանկարծ որոշեց կարմիր քուրքը հագնել ու սոված գիտնականների շենքի դիմաց հացադուլ հայտարարել: Նրա մասին գիտեմ, որովհետև այս է որերորդ օրն է աշխատանքի գալիս` հանդիպում եմ «շինծու ընտրությունները» մերժող պաստառներին:

Վարդան Սեդրակյանին այնքան լուրջ չվերաբերվեցինք, որ նա ամենայն լրջությամբ նախագահի թեկնածու դարձավ: Ու եթե հիմա լուրջությամբ դատեմ, ապա ոչ այլ ինչ, գոնե զուտ քրիստոնեական սկզբունքներս թույլ չեն տա ընդունել նրան, էլ ուր մնաց ընտրել: Միտքս հասկանալի դարձնելու համար, կարծում եմ կարիք չկա «Սասնա ծռեր» էպոսը վերապատմելու, դրանում առկա բազմաթիվ դրույթների անընդունելիությունը մեկնաբանելու համար: Կարող ենք սահմանափակվել էպոսի սկզբով միայն, երբ «Ծովինարը աղբյուրից ջուր խմեց ու հղիացավ»: Այստեղ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Աստծո գոյության մասին հիշած էպոսագետը, չի հիշում, որ քրիստոնյանների համար մի բան աներկբա է` միայն Մարիամն էր, որ կույս լինելով հանդերձ հղիացավ, այն էլ` Սուրբ հոգուց, ու այն էլ` Փրկչին լույս աշխարհ բերելու համար:

Պետք է խոստովանեմ, որ ինձ ամենից շատ հանդիպող քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքն է, որը հնարավոր է ժպտում է, հնարավոր է` ոչ: Հնարավոր է Րաֆֆին ինչ-որ բան է հասկացել հացադուլից հետո, որ «Տեր եմ» կոչերը փոխարինել է «Հնարավոր է»-ով: Վստահ եմ, որ «անհնար ոչինչ չկա», ու թերևս այս է պատճառը, որ անհնար եմ համարում ընտրել «հնարավորը»:

Ու ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ է վերընտրվել ցանկացող գործող նախագահը այցելություններ կատարում, այստեղ-այնտեղ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհ ուրվագծում, երբ 5 տարի ուներ այդ ուղղությամբ քայլեր կատարելու համար: Գուցե հավատացինք, որ կփոխվի, բայց չեմ հավատում, որ գործող նախագահը կարող է վերընտրվելուց հետո փոխել իր քաղաքական կուրսը:

Ինչև, գուցե «Հնարավոր է» «Դեպի ապահով հայրենիք» գնալ, չէ՞ որ «Վերևում Աստված կա»:

18 January 2013

Ձվերն ու ձկները

Ոչ վաղ անցյալում` շուրջ 2 տարի առաջ, ձվի շուկայում իրարանցում էր: Փոքր թռչնաֆաբրիկաների տերերն ու լրագրողները փաստում էին` մենաշնորհ է ձևավորվում: Ձուն ամառվա ամիսներին խանութներում սկսվեց վաճառվել ընդուհուպ 10 դրամով, ինչի արդյունքում շատ թռչնաֆաբրիկաներ փակվեցին, շատերն էլ իրենց ապրուստի միջոցը վաճառեցին «X-Gruop»-ին: Արդյունքում Տնտեսական մրցակցության հանձնաժողովը կատարվածը դեմպինգային գործողություն չորակեց, մենք էլ սկսեցինք ձուն ամանորին գնել 10 անգամ թանկ գներով` այն էլ ոչ բոլոր խանութներից: Ներկայումս ձվի գինը շուկայում միջինում 60 դրամ է:

Շուտով պատմության կրկնության ականատեսն ենք դառնալու. այս անգամ արդեն ձկան շուկայում:

Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ ձկնարդյունաբերությամբ զբաղվողներն ահազանգում են, որ արտոնություններ են տրվում խոշոր ձկնաբույծներին` ի հաշիվ շուկայում գործող մանր ու միջին ձեռնարկատերերի: Ոլորտը խոշորացման տանող ճանապարհն ուրվագծվում է: Մի կողմից ձկնարդյունաբերողների համար փոխվում է հողի նշանակությունը` գյուղատնտեսականից դառնալով արտադրական, սահմանափակվում են ջրօգտագործման ժամկետները, մյուս կողմից` ջրօգտագործման նոր թույլտվություններ են տրվում, արտահանմամբ զբաղվում են խոշորները, իսկ պետությունը որևէ կերպ չի աջակցում մանր ու միջին ձեռնարկատերերին:

Եթե նույնիսկ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ն չվկայի կառուցվող նոր ձկնաբուծարանների որակի ու չափերի մասին, բավական է նստել մեքենան և Երևանից դեպի Սուրենավան գնալ: Ճանապարհի եզրից երևացող հսկայական չափերի արհեստական լճակներն իրենք կփաստեն, որ կառուցողներն օգտագործում են թե' հսկայական միջոցներ և թե' նորագույն տեխնոլոգիաներ: Հենց այս պատկերին ականատես լինելուց հետո է, որ պարզ է դառնում` ինչ ուղի են բռնել խոշոր արտադրողները:

Չեմ ուզում վատատես լինել, բայց անվիճելի է, որ մի օր էլ` ամռան շոգ ամիսներին, խանութներում ինչ-որ «X» ընկերություն կսկսի շուկայականից անհամեմատ ցածր գներով թարմ ձուկ վաճառել: Արդյունքում նրանք, ովքեր դեռևս պայքարում են իրենց փոքր տնտեսությունը պահելու համար և հույսեր են փայփայում արդարություն հաստատելու ուղղությամբ, կա'մ կլուծարվեն, կա'մ կվաճառվեն խոշորին: Իսկ մենք էլ ձվի նման, ձուկն էլ խանութից կգնենք այն գնով, ինչ գին կթելադրի միակ արտադրողը:


17 January 2013

Ամեն ինչ լավ է լինելու...

Էջմիածնեցի Աբոենց տունը կռիվ էր ընկել: Որդին որոշել էր վաճառել Աղավնատնում գործող մանրածախ առևտրի կրպակը, մեքենան, կնոջ զարդերն ու մեկնել Ֆրանսիա:

- Երկու տունս էլ քոնն են, իմ մինուճարն ես, գնում ես ինչ անես, մնա, մի բան կլինի, լավ կլինի, - անկարող որևէ բան փոխելու` կրկնում էր Աբոն: Կինը լուռ արտասվում էր:

Կարենն անվրդով էր: Վաճառեց ինչ ուներ-չուներ, կնոջն ու երեքամյա աղջկան վերցրեց, ու առանց որևէ մեկին մնաս բարով ասելու, կեսգիշերով բռնեց անհայտի ճամպան:

-Հա, տատի, լավ ենք, մեզ շուտով տուն են տալու,- տեղ հասնելուց հետո Էջմիածնում թողած տատուն ու պապուն ամոքում էր թոթովախոս Միլենան:

- Միլենա ջան, տունը լա՞վն է, հարմար է, - օրեր անց հետաքրքվում էր Անուշ տատը: - Տատի, մի սենյականոց տուն է, մենակ ինձ համար են մահճակալ տվել, մեկ մաման է հետս քնում, մեկ պապան...

Անցան ամսիներ: Աբոյին ու Անուշին սփոփում էր այն, որ որդին լավ է. անկախ ամեն ինչից, չի դժգոհում: Մի օր նույնիսկ կարողացան հարևանի տանից կապնվել, ու որդու հետ Skype-ով խոսել. առողջ էին երևում:

Երբ արդեն Կարենենց տեղները մի քիչ լենացել էր, Աբոյենք լուր ստացան. տղա թոռնիկ են ունենալու: Սերունդի շարունակության լուրը մոռացնել տվեց ամեն ինչ. նշանակում է, իսկապես ամեն ինչ լավ է լինելու... Թոռանն էլ երևի մի օր կտեսնեն...

* * *

- Արսե'ն, բա դու ե՞րբ ես գալիս: Արի, կտանենք, կտեղավորենք, մի բան կտան, ձեռի հետ մի բան կանես, մի քիչ նեղություն կքաշես, բայց լավ կլինի, - ընկերոջը հեռու Ֆրանսիայից համոզում էր Կարենը: - Կար ջան, ախր հիմա առաջվանը չի, էս արաբական պատերազմից հետո ո՞վա կարում եվրոպա հասնի: Թանկացրել են, համ էլ իմը երկու տղայա, բա որ չստացվի, ես ո՞նց տունս ծախեմ, գամ,- փորձում էր հակադարձել Արսենն ու մտքում ելքեր էր փնտրում` ընկերոջը հասնելու, ֆրանսիական պանիր ու գինի խմելու երազն իրականացնելու...

* * *

 - Տիկ ջան, գնում ենք: Էն ֆիրման, հիշում ես, որ լևի գործ էինք անում հետները, հրավեր են ուղարկել, ամեն ինչով ապահովում են, աշխատավարձն էլ հերիքա ընտիր ապրելու համար: Դե մի քիչ մամայենք են նեղվում, բայց շուտ-շուտ կարանք գանք-գնանք, խնդիր չկա: Վաղը հավաքվենք մի հատ սաղիդ հաջող անեմ, - ամուսնուս հերթական ընկերոջ զանգը` գրեթե նույն բովանդակությամբ, ինչ նախորդներինն էր...

* * *

- Ինձ հաստ զուգագուլպա կտա՞ք:
- Սովորական եք ուզում, թե Կոնտեից: Սրանց բարձր դեները ռետուզի նման են դառնում:
- Բայց սրա 200 դենը եվրոպայից բերած իմ 100 դեն զուգագուլպայի հաստությունը սկի չունի,- շոշափելով առաջարկվող թանկարժեք զուգագուլպան` առարկեցի ես:
- Նու՞յն ֆիրմայինը:
- Չէ, նա ուրիշ ֆիրմայի է, բայց դենը մնում է դեն, ի՞նչ տարբերություն:

Վաճառողուհու հետ զրույցիս ուշադիր հետևող խանութպանը հետաքրքրվեց. - Իսկ ո՞ր երկրից եք բերել:
- Կոնկրետ դա` Գերմանիայից:
- Բա ինչի՞ եկաք:
- Գործով էինք գնացել:
- Հիմա մենք` ընտանիքով, հինգ հոգի ենք, որ տունս ծախեմ, գնամ եվրոպա, կարա՞մ ապրեմ,- ինձ բանիմացի տեղ դրած հետաքրքվեց խանութպանը, ում խանութը գտնվում է Էջմիածնի կենտրոնում, և ավելի քան 8 տարի է ես այնտեղից ներքնազգեստ եմ գնում:
- Երևի թե կգնաք, բայց կարող է մի քանի ամիս հետո ձեզ հետ ուղարկեն, այդ ժամանակ այստեղ որտե՞ղ ու ի՞նչով եք ապրելու:
- Ախր էստեղ օր օրի ավելի վատ է: Հեսա նոր ընտրություններից հետո ամեն ինչ ավելի է վատանալու...

* * *

Վստահ եմ, որ շատերն այսօր օտարության ճամփան են բռնում ոչ թե «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքից ելնելով, այլ լավ ապագա ունենալու հույսով: Շարքային քաղաքացին այսօր չգիտի, թե վաղն իրեն ինչ է սպասվում, թե վաղն ինքը խանութից նույն հացն ու նույն շաքարավազն ինչ արժեքով է գնելու, վառած գազի դիմաց մյուս ամիս ինչ սակագնով է վճարելու, մանր բիզնեսով զբաղվովը դեռ չգիտի` ինչքան ժամանակ կարող է գոհանալ օրվա հացն աշխատելով միայն, չգտիտի` իր դուռը ե՞րբ են թակելու ու նոր պարտավորություններ թելադրելու, կրթված երիտասարդը, աշխատավայրում հաջողություններ գրանցող մասնագետը նոր բարձունքներ գրավելու մոլուցքով է առաջնորդվում, բազմազավակ ծնողը ցանկանում է, որ երեխաները բարձրակարգ կրթություն ստանան, որ ինքը վճարի գիտելիքի համար, այլ ոչ թե դիպլոմի, հայրենիքի, երկրի բարեկեցության, արդարության համար կռիվ տվողն ուզում է ետ նայել ու իր պայքարի արդյունքները տեսնել` կորցված ժամանակի փոխարեն, արվեստագետն ուզում է գնահատված լինել, օրվա հացը վաստակելու փոխարեն, արժեք ստեղծել, իր ստեղծած բացարձակ արժեքը հասցնել կրթված հասարակությանը...

Հ.Գ. - Վախենամ, որ մի օր ես էլ եմ կանգնելու ճակատրագրական հարցի առաջ...


15 January 2013

Առ քեզ գառան ատամ, տուր ինձ գայլի

Մտածում եմ` շուտ գնամ ատամնաբույժիս մոտ, քանի դեռ ատամնաբուժական ծառայությունների նոր գները հայտնի չեն, քանի դեռ ստիպված չեմ նախկինի համեմատ 50 տոկոս ավել վճարել:

Արդեն բոլորս գիտենք, որ «Արտոնագրային վճարների մասին» անունը կրող ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչի հետևանքով ատամնաբուժական կլինիկաները երեկ հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ու բողոքում էին, որ իրենց մատուցած ծառայությունները նոր հարկումների հետևանքով 50 տոկոսով թանկանալու են, որ թանկացումներից հետո իրենց հիվանդների թիվը նվազելու է: Սակայն քչերը գիտեն, որ փոփոխությունները քննարկվել և ընդունվել են Ազգային ժողովի 2012 թ-ի դեկտեմբերի 17-20-ի արտահերթ քառօրյա նստաշրջանի ընթացքում, այսինքն` այն ժամանակ, երբ բոլորս, այդ թվում և ատամնաբույժները, զբաղված էինք ամանորյա նախապատրաստություններով: Ու եթե նույնիսկ օրինագծի հեղինակը` Կառավարությունը, արդարանա, ասելով, որ մինչ այդ էլ հետաքրքրվողները կարող էին տեղեկանալ ապագա փոփոխությունների հետ, ընդունեք, որ այս պարագայում ուշացած չէ ատամնաբուժների բողոքը, քանի որ նույնիսկ ամենազգոններն ընդամենը 10 օր ժամանակ ունեին հունվարի 1-ից ուժի մեջ մտող օրենքի վերջնական փոփոխությունների հետ ծանոթանալու համար:

Մտահոգիչն այստեղ նաև այն է, որ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու՞ էր Առողջապահության նախարարությունը մինչ այդ ձեռքերը ծալած սպասում, և միայն հիմա` բողոքի նոտա բարձրացնալուց հետո է, որ հայտարարում է` «Պետական եկամուտների կոմիտեի հետ ուսումնասիրություններ կկատարի` պարզելու, թե փոփոխություններն ինչպես են ազդելու ոլորտի վրա»: Ոչ ոք չի կարող համոզել, որ սա հերթական հարկային խստացումը չէ, որ պետական պատկան մարմինները մինչ այդ միայն հաշվի չէին առել փոփոխությունների հետևանքով գանձվող գումարների ավելացող չափը, այլ հստակ պատկերացրել էին, թե քանի՞ ատամնաբուժական կլինիկա է կանգնելու լինել-չլինելու, ավելին` քանի՞ քաղաքացի` բուժվել-չբուժվելու հարցի առաջ: Դեռ չասած, որ մինչ այդ առողջապահության նախարար Դումանյանը բազմաթիվ առիթներով կրկնում էր, որ առողջապահության ոլորտի զարգացումը, բժշկական ծառայությունների արժեքների նվազեցումն ու վճարվումների պարզեցումը օրհասկան խնդիրներ են:

Ինչևէ, մինչ պարզ կդառնան հետագա զարգացումները, բոլորիս մաղթում եմ առողջ ու ամուր ատամնաշար, քանզի դրանց բուժումն այսուհետ քչերիս է հասանելի լինելու: Իսկ  նրանց, ովքեր հույսները դրել են առողջության ապահովագրում իրականացնող ընկերությունների վրա, տեղեկացնում եմ, որ վերջիններս ևս թարմեցնում են իրենց պայմանգրերը` դրանցում ֆիքսելու` տարեկան փոխհատուցելու են ընդամենը 2 ատամի բուժման ծախս:

12 January 2013

Ձմեռվա -17֊ը +3 սարքեցինք

Ինձ հայտնի մյուս վայրերում մարտի կեսերին ձմեռն արդեն ավարտվել էր․ այստեղ գարնանը երկար են սպասում։ Այն ժամանակ չգիտեի՝ տարիներ հետո ինչ եմ հիշելու սառուցյալ Ֆինլանդիայից, բայց որ հիշելու էի, հենց թեկուզ նրա համար, որ իմ այցելած առաջին օտար երկիրն է, հաստատ։
Դեռ ինքնաթիռի պատուհանից ակնհայտ էր, որ այս երկիրը ոչ միայն ձյան ու սառույցի, այլև եղևնիների տիրակալ է․ վերևից կա՛մ սպիտակ տարածություններ, կա՛մ դեպի երկինք սլացող եղևնիներ էին միայն երևում։ Ասում են՝ ֆիները սառն են․ ինձ համար նրանք չափազանց սպիտակ են՝ սպիտակ մաշկով, սպիտակ մազերով, սպիտակ ժպիտով․․․
Ձմեռ չեմ սիրում, գուցե դրանով է պայմանավորված, որ չէի ցանկանում լքել հյուրանոցի տաք համարը։ Չնայած դրան երբեմն քայլում էի սառցե փողոցներով, հասնում մոտակա պատկերասրահը կամ թանգարանը, անհամբերությամբ դուռը բացում, ու ավելի շատ մտածում էի ոչ թե տեսածիս մասին, այլ, որ կտաքանայի։ Հենց այս սառցե քաղաքում է, որ երկար կանգնեցի Պիկասոյի կտավների դիմաց, ու դեռ երկար ժամանակ բացականչում էի ու հպարտությամբ այստեղ֊այնտեղ պատմում, որ ես Պիկասո եմ տեսել :) Տրամվայների թանգարանում էլ ամեն ինչ մանրամասն նկարեցի, ու հաստատ Հելսինկիի շնորհիվ է, որ տրամվայ այդքան շատ եմ սիրում։

Հիշում եմ նաև կենտրոնական կայարանում հնչող երաժշտությունը՝ մի տեսակ աղոթքի նման էր, բայց այնքան մոնոտոն էր, որ դանդաղեցնում էր մտքիդ ընթացքը։ Հա, մեկ էլ հիշում եմ, թե ինչպես էինք հերթ կանգնում, տոմս գնում, ինչպես էինք տոմսը մետրո, տրամվայ կամ ավտոբուս մտնելուց ակտիվացնում, ու հիշում եմ մետրոյի մաքուր ու տաք վագոնները, ակարդիոն հիշեցնող ավտոբուսները․․․

Մեկ էլ հիշում եմ, թե ինչպես էինք իրար խառնվել, երբ Ուրարտուհին մեզ հրավիրել էր իրենց տուն․ այնքան էինք հուզվել, որ չգիտեինք ինչ պետք է անեինք։ Մտածում էինք՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ որևէ բան լիներ Հայաստանից, բայց միակ բանը, որ պահպանվել էր, հայկական կոնյակն էր, որից էլ արդեն հասցրել էինք խմել :)
Այս բոլոր հիշողությունները հավաքած՝ երկրորդ անգամ նստեցի Հելսինկի մեկնող ինքնաթիռը։ Անհամբեր սպասում էի՝ երբ եմ տեսնելու երկինք բարձրացող եղևինները, երբ եմ ոտքերիս տակ փափուկ ձյունը զգալու, երբ եմ ձնեմարդ սարքելու, ու երբ եմ Ուրարտուհուն ու Թոմասին հանձնելու հենց իրենց համար նախատեսված կոնյակը :)
Աննկարագրելի էր Սաքի ու Արամեի ընդունելությունը․ մոյ֊մոյ֊մոյ գոռալով մեր գիրկն ընկան, ու մինչև ճամպրուկներս հավաքած չփակեցինք այդ տաք ու ջերմ տան դուռը, շարունակում էին իրենց մանկական մաքուր սրտի ուրախությամբ երջանկացնել մեզ։ Գուցե դժվար է պատկերացնել, բայց այս ընտանիքում մենք մեզ զգում էինք ինչպես տանը, ինչպես քրոջ ու եղբոր հետ, որոնց երկար ժամանակ չէինք տեսել, ու ոչ միայն վայելում էինք, այլև բարձր էինք գնահատում իրար հետ անցկացրած ամեն րոպեն։
Այստեղ էինք հանգստանալու համար, ոչ թե ծանոթանալու, բայց ֆիների երկիրը նորից մեզ պետք է ապշեցներ իր ժողովրդավարությամբ, կենցաղավարությամբ, օրենքներով ու կարգ ու կանոնով։ Այստեղ է, որ հնարավոր է բողոքել երկհարկանի հասարակական ավտոկայանից միայն նրա համար, որ «քիչ մը նեղ է», բենզակայանից, որ գումարն ինքնուրույն վճարում ես, ինքնուրույն էլ լիզքավորում ես մեքենան, տնտեսական ու մթերային խանութից, որ քո ցանկացած ապրանքն արդեն վերջացել է, շենքի մուտքից, որը չնայած տան պես տաք է, բայց դռան վրա ընդհանուր զանգ ու հեռակառավարվող փական չունի ։)
Այս անգամ հետս բերել եմ երկար ու նեղ, ամբողջությամբ սպիտակ փողոցները, մաքուր մայրուղիները, ձյան վրա ցանած ավազի հատիկները, անծայրածիր առևտրի կենտրոնները, արդեն փակված սառցե֊փաբն ու հարազատ թվացող Molly Malone's իռլանդական գարեջրատունը, Ֆլամինգո Սպա կենտրոնն ու տաք կաթով լուծվող սուրճը․․․ հա ու մեկ էլ՝ սփյուռքահայի զգացողությունը՝ հայրենիքը կարոտածների շրջապատում, եվրոպահայկական Սուրբ Ծնունդը, ոչ ավանդական՝ «Տիգրանակերտ»֊ով, Լիլիթի «Րյոստի»֊ով ու Ուրարտուհու «Բաբաղանուջ»֊ով ամանորյա սեղանը, ձմեռ պապիկի՝ տոնածառի տակ դրված նվերները, ու մեկ էլ՝  Արամեի «Ալե դին֊դին»֊ն ու «գրկի՜»֊ն, Սաքի «ես iPad եմ ուզու՜մ»֊ն ու փորձառությունը, թե ինչպես կարելի է ընդամենը գլուխը շոյելով քնացնել երգող Արամեին :)

Հ․Գ․ ֊ Ասում են Հելսինկին հատկապես գեղեցիկ ու կանաչ է ամռանը։
Հ․Գ․ 2 ֊ Մի անգամ գալու եմ, որ կանաչ ու արևոտ Հելսինկի տեսնեմ, մի անգամ էլ, որ վերջապես ոտքերը վերև տնկած ձնեմարդ սարքեմ ու ձնագնդի խաղամ :)