Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 21-րդ տարին...
Անցած տարի հայկական մամուլը հունվարի 13-19-ը ողողված էր Բաքվի ջարդերի մասին լուրերով, մեկնաբանություններով, քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքներով... Անցած տարի հույս ունեի, որ տեղեկատվական այդ հոսքը ոչ թե կապված է 20-ամյա տարելիցի հետ, այլ պարզապես սկսել ենք հասկանալ, որ պարտավոր ենք պահանջել ու բարձրաձայնել, որ պարտավոր ենք ճշմարտությունը ջրի երես հանել ...
Այսօր հայկական լրատվական միջավայրից այսքան հեռու, մտքովս անցավ կարդալ, թե այս տարի մամուլն ինչպես է հիշել: Ոչ մի տեղ, ոչ մի բառ չգտա ... նույնիսկ առաջատար համարվող մամուլում: Թերևս հիշել էին միայն որոշ բլոգերներ ...
Հ.Գ. - Հիշեցում. Բաքվի հայերի ջարդեր իրականացվել են 1905-1907 թթ-ին, 1918 թ-ին և 1988-1992 թթ-ին: Այդ իսկ պատճառով էլ Բաքուն անվանվում է երեք ջարդերի քաղաք:
1990 թ-ին Բաքվի հայկական ջարդերը սկսվել են հունվարի 13-ից և շարունակվել մինչև հունվարի 19-ը: Հունվարի 19-ին Բաքվում հայտարարվում է արտակարգ դրություն: Խորհրդային բանակն Ադրբեջանի մայրաքաղաք է հասնում այն ժամանակ, երբ բռնությունները հայերի նկատմամբ ավարտվել էին և քաղաքում բնակվող հարյուրավոր հայերից գրեթե ոչ չէր մնացել:
Անձնական արխիվ. 13.01.2010 թ. Ալեքսանդր Մանասյան, քաղաքագետ. «1990 թ-ին Բաքվում ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը ժամանակին տարբեր պետություններ, միջազգային հասարակական ու քաղաքական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ որակել են` որպես ցեղասպանություն, մինչդեռ նորաստեղծ Հայաստանի երրորդ Հանրապետության իշխանություններն այդ առիթը չեն օգտագործել ...
... Վերջին 20 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվում միջազգային հանրությանն ասել, որ Արևելյան Անդրկովկասում 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության` թուրքական քաղաքականության շարունակություն: Մինչդեռ դրա համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու փաստերը կան...»:
14.01.2010 թ. «ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Հայաստանը և միջազգային հանրությունը ոչ միայն 1990 թ-ին Բաքվում տեղի ունեցածը, այլև Ադրբեջանում տարբեր ժամանակներում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու ջարդերը պետք է ի մի բերի և որակի` որպես ցեղասպանություն, ինչն անելու համար բավականին փաստեր կան...
...Պատգամավորը համոզված է նաև, որ կատարվածը ցեղասպանություն որակելու խնդիրն արդիական է, և այդ խնդրին պետք է հետամուտ լինեն ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև պետական քաղաքականության մակարդակով...»:
No comments:
Post a Comment