«Ադրբեջանական կինոյի՞, թե՞ հիգիենայի՞ օրեր»-ին, անշուշտ, չէի անդրադառնա, եթե չլինեին գրածիս տակ հայտնված հղումները` «Why it's wrong to stop a film festival» և «PeaceJam in Yerevan»:
Ի պատասխան հղմանը.
Ինչու՞ պետք է հայ հասարակությունը չընդդիմանա ադրբեջանական կինոյի փառատոն անցկացնելու նախաձեռնությանը, եթե առ այսօր Ադրբեջանում հերոսի կոչում են ստանում հայասպանները:
Ինչու՞ հայ հասարակությունը պետք է ցանկանա լսել ադրբեջանական կինեմատոգրաֆի տեսակետը, եթե գաղտնիք չէ, որ Ադրբեջանում մշակութային գործիչները և նույնիսկ զանգվածային լրատվության միջոցները գործունեություն են ծավալում պետական միջոցների ու պետական գաղափարախոսության ներքո, եթե գաղտնիք չէ, որ Ադրբեջանի կողմից աշխարհի տարբեր երկրներում պետական աջակցությամբ հրատարակվում են տարաբնույթ գրքեր, որոնք իսպառ հերքում են տարածաշրջանում հայի դարավոր գոյությունը, իսկ հայի գոյությունը փաստող պատմամշակութային կոթողները ներկայացվում են` որպես «Արևմտյան Ադրբեջանի» ժառանգություն:
Ինչպե՞ս կարելի է խոսել երկխոսության մասին, երբ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և Ադրբեջանի մյուս բնակավայրերում դեռ թարմ է խոշտանգված ու զոհված հայերի արյունը: Ինչպե՞ս գալ երկխոսության ու հանդուրժողականության, երբ Ադրբեջանի կողմից նույն այդ արյունակի դեպքերը կոծկվում են և ներկայացվում են` որպես ադրբեջանցիների կոտորած, այն դեպքում, երբ աշխարհի առաջատար երկրների կողմից դրանք որակվել են` որպես հայերի նկատմամբ իրականացված ջարդեր, իսկ նույն Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը դրանք անվանել է «ժամանակակից գողգոթա»:
Ինչպե՞ս մտածել հանդուրժելու մասին, երբ չնայած զինադադարին, ամեն օր հայ սահմանապահը կանգնած է ադրբեջանցի դիվերսանտի հնարավոր հարձակման վտանգի առաջ, երբ նույնիսկ ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանում իրենց աշխատանքն իրականացնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` Ադրբեջանի անդադար կրակահերթերի ու պայմանավորվածությունների խախտման պատճառով: Ինչպե՞ս բացատրել այդ նույն սահմանին բնակվողին, թե պետք է լսել ադրբեջանցուն, երբ նա միայն հրազենների ձայներ է լսում:
Ինչպե՞ս ադրբեջանական կինոն ընկալել որպես մշակույթ, երբ Նախիջևանում անխղճաբար հողին հավասարվեցին հազարավոր հայկական խաչքարեր ու տապանաքարեր:
Ինչպե՞ս ստեղծել բարիդրացիական հարաբերություններ, երբ Ադրբեջանը, օկուպացրած լինելով հայկական հողերը, Հայաստանին անվանում է «օկուպանտ» երկիր:
Ինչպե՞ս մտածել կողք-կողքի խաղաղ ապրելու մասին, երբ Ադրբեջանի ոտնձգությունների ու պատերազմի հրահրման հետևանքով է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին հաջողվել ազատագրվել ադրբեջանական վայրագություններից, սակայն Ադրբեջանը շարունակում է հավակնել Արցախին տեր լինելուն...
Հ.Գ. - Եթե հարցադրումներիցս որևէ մեկը պատասխան ու լուծում կստանա, կհասկանամ ու կընդունեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ադրբեջանական կինոյի փառատոն անցկացնել Հայաստանում ...
No comments:
Post a Comment