18 January 2011

«Ամենախաղաղասեր» Հայաստանի մասին ...

Այսօր Facebook-ում ուշադրության էին արժանացրել «Kill Dim» կոչվող անիմացիոն ֆիլմի 4-րդ և 9-րդ հատվածները: Այս ֆիլմում փորձ է արվում ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանի կողմից խեղաթյուրվում ցանկացած երևույթ` կապված Հայաստանի հետ և թե ինչպես է Ադրբեջանը դառնում իր իսկ ստեղծածի «զոհը»:

Սակայն, սա ընդամենը մի օրինակ է ամեն օր թարմացվող լրատվական հոսքից, որի բովանդակությունը նույն է մնում: Երբ հետևում ես լրահոսին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում նորագույն տեխնոլոգիաները, սոցիալական կայքերն ու լրատվամիջոցները գոյություն ունեն միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ տեղեկատվական պատերազմում պայքարելու համար: Օրվա գլխավոր լուրեր են դառնում Ադրբեջանում կամ Թուրքիայում երեխաների կամ անպաշտպան մեծահասակաների բռնաբարության կամ դաժանորեն սպանության մասին պատմությունները, թուրք կամ ազերի պաշտոնյանների նոր «հեքիաթները» հայերի, հայկականի ու Հայաստանի մասին ...

Թվում է, թե յուրաքանչյուրին հետաքրքրում ու անհանգստացնում է այն, որ նույն ազերիներն ու թուրքերը պետական աջակցությամբ տարաբնույթ հորինվածքներով գրքեր են հրապարակում և հազարներով տարածում ամբողջ աշխարհով մեկ, որ Հայաստանի մասին տեղեկատվություն փնտրելիս համացանցում գտնում ես ավելի շատ ադրբեջանական աղբյուրներ` իրենց իսկ երևակայած տեղեկատվությամբ, քան հայկական աղբյուրներ: Անհանգստանում են, բայց ի՞նչ են փոխում ... Ի՞նչ է փոխվում ...

Չէ´, ամենևին էլ դեմ չեմ տեղեկատվական պատերազմում հաղթողի դափնեկիրը ստանալուց, պարզապես այս ամենի ֆոնի վրա չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Ղարաբաղի հարցը լուծվելու խաղաղ ճանապարհով, թե ինչպե՞ս է հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն թողնելու երկրի զարգացման վրա, եթե և´ մենք, և´ ազերիներն ու թուրքերը, ռեսուրսներ ենք ծախսում, մեծ հաշվով, իրար դատապարտելու, քննադատելու ու իրար նկատմամբ արդեն իսկ առկա ատելությունը ավելացնելու վրա...


Հ.Գ. - 1. Haynews.am-ի փոխանցմամբ` Բրիտանական «The Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկը: Ցանկում Հայաստանը 149 երկրների շարքում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը` առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից:

Հ.Գ. - 2. Ուզում եմ, որ բոլորիս համար ամեն օր գլխավոր լուրը լինի Հայաստանի դարավոր պատմության, բարձր քաղաքակրթության, արժեքավոր մշակույթի, մեծ գնահատականի արժանի արվեստագետների, հասարակ մարդկանց ազնիվ ու հյուրասեր սրտի մասին պատմող նյութը...

Հ.Գ. - 3. Հաստատ շատ բան չեմ ուզում... :)

No comments:

Post a Comment